HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի իշխանությունները երկար տարիներ չեն համաձայնել Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ու Ղարաբաղը պահելու, իսկ մյուսները՝ հանձնելու առաջարկին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին ու հայտարարել, որ երկար տարիներ Մոսկվան առաջարկել է հակամարտության կարգավորման իր տարբերակները։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկար տարիներ չեն համաձայնել պահել Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ու Ղարաբաղը, իսկ մնացած տարածքները հանձնել Ադրբեջանին։

«Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Եվ ամբողջ Ղարաբաղը։ Բայց հայկական ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք շուրջ մեկ տասնամյակ փորձում էինք համոզել նրանց։ 10-15 տարի»,- հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ քննարկվել են տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգեցրել է ներկայիս իրավիճակին։ «Ձեր այն հարցին, թե «ի՞նչ կանեք», մեզ պատասխանում էին՝ կկռվենք։ «Լավ դե»,- Հայաստանի իշխանության հետ իր երկխոսությունն այսպես է նկարագրել Պուտինը։ «Ի վերջո, ամեն ինչ եկել է այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- հավելել է նա։

Պատասխանելով այն հայտարարություններին, թե Մոսկվան ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չեն օգնել Երևանին, իսկ ԼեռնայինՂարաբաղում հումանիտար աղետ է, Պուտինը նշել է. «Եթե Հայաստանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա վերջ»: Ինչի մասին է խոսքը։ Սա ամբողջ խնդրի հիմնական բաղադրիչն է։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Դա է ամբողջ խնդիրը»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը փաստացի ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ «Խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքների մեջ չէ, այլ նաև այն է, որ հայկական ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Եվ Պրահայի իր հայտարարության մեջ դա ուղղակի թղթի վրա է ֆիքսել»,- ասել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ խոսում է այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ բանակցությունների սեղանին, այն լուծված է: «Եվ հայկական ղեկավարությունն այդ մասին հայտարարեց հրապարակավ՝ հաշվելով մինչև 1991 թվականը ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքը և նշելով այն թիվը, որի մեջ մտնում է նաև բուն Ղարաբաղի տարածքը։ Դա տեղի ունեցավ։ Դա մեր որոշումը չէ, դա այսօրվա հայկական ղեկավարության որոշումն է»,- ընդգծել է Պուտինը։

Անդրադառնալով Ղարաբաղում հայերի էթնիկ զտման խնդրին, Պուտինը հավելել է, որ խնդիրը լուծված չէ։

«Ռուս խաղաղապահների մանդատը դեռ գործում է։ Իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ինչ-որ էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, ոչ մի տեղ չեն անհետացել։ Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես և մեզ ասել են և մինչ օրս էլ ասում են, շահագրգռված չէ որևէ էթնիկ զտմամբ։ Ավելին, ընդհակառակը, շահագրգռված է, որ այդ գործընթացը «մեղմ» տեղի կունենա»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը՝ չմանրամասնելով, թե ինչի ի նկատի ունի մեղմ ասելով։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Даничев

Մեկնաբանություններ (1)

Sebouh
As usual successive corrupt governments are the real traitors, and now we have a simpleton who dares to consider himself a true diplomat giving away our nation bit by bit.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter