HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհուրդներ Ինտերնետ արխիվի «Wayback Machine»-ը ձեր հաջորդ հետաքննությունում կիրառելու վերաբերյալ

Internet Archive-ը շահույթ չհետապնդող գրադարան է, որն այս տարի նշում է «բոլոր գիտելիքների հանրամատչելիության» առաքելության առաջմղման 25-ամյակը: Այն առավել հայտնի է Wayback Machine-ի շնորհիվ (որը ես ներկայում ղեկավարում եմ), որն արխիվացնում եւ հասանելի է դարձնում հանրային ցանցի մեծ մասը՝ օրական ավելի քան 1 միլիարդ արխիվացված URL հասցեների ծավալով:

Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնցով լրագրողները, հետազոտողները, փաստերը ստուգողները, ակտիվիստները եւ լայն հասարակությունն ամեն օր մուտք են գործում անվճար օգտագործման Wayback Machine: Մի քանի հազար հոդվածներ են գրվել մեր մասին կամ հղում են անում մեր ծառայություններին: Արդ, GIJN-ի «Իմ սիրելի գործիքները» շարքի 2020 թվականի ամփոփիչ հրապարակման մեջ մի քանի առաջատար հետաքննող լրագրողներ այն նշել են որպես իրենց աշխատանքի գլխավոր նեցուկ:

Ստորեւ Wayback Machine-ի ծառայությունները կներկայացնենք այն լրագրողների համար, որոնք ցանկանում են փորձարկել այն իրենց հաջորդ հետաքննությունում:

URL հասցեների արխիվացում

Եթե դուք հրապարակում եք հոդված, որը հղում է կատարում մի կայքի, որի սեփականատերերը հեռացրել են հիմնական էջերը կամ հենց կայքը, դրանք կարող են ընդմիշտ կորչել, եթե արխիվացված չլինեն: Թույլ մի տվեք, որ ձեզ հետ նման բան տեղի ունենա:

Wayback Machine-ի «Save Page Now» («Պահպանել էջը հիմա») ծառայության միջոցով օգտատերերն ամեն օր տասնյակ միլիոնավոր URL հասցեներ են արխիվացնում: Յուրաքանչյուր ոք կարող է URL-ներ մուտքագրել, եւ եթե դուք մուտք եք գործել անվճար արխիվային օգտահաշվից, կարող եք նաեւ խնդրել արխիվացնել ցանկացած «ելքային հղում» (անգլ.՝ «outlinks»՝ արտաքին հղումներ այն սկզբնական էջի ներսում, որը ցանկանում եք պահպանել) եւ ձեր էլ. փոստին ստանալ պահպանման ողջ գործընթացի ընդհանուր հաշվետվությունը: Մեկ այլ օգտակար գործառույթ է այն, որ դուք կարող եք WACZ ֆորմատով ներբեռնել պահպանած URL-ները եւ ուսումնասիրել/մշակել դրանք ձեր սեփական գործիքներով:

Save Page Now-ի միջոցով կարելի է Twitter-ից (ներկայիս X-ից) մեծ ծավալի ինֆորմացիայի ավտոմատացված արխիվացում իրականացնել: Օրինակ՝ դուք հեշտությամբ կարող եք արխիվացնել Twitter-ի ցանկացած էջի մինչեւ 3200 ամենավերջին թվիթները՝ մուտքագրելով էջի URL հասցեն եւ ընտրելով համապատասխան գործառույթը:

Ահա որոշ տեխնիկական նրբություններ. եթե ձեզ մոտ առկա է URL-ների ցանկ, որոնք ցանկանում եք արխիվացնել, ավելացրեք դրանք Google Sheet-ի (Google աղյուսակ) «A սյունակում» եւ մուտքագրեք դա «Save Page Now»-ի Google Sheets ծառայության միջոցով, որը կարելի է գտնել այստեղ: B, C եւ D սյունակները կլրացվեն կարգավիճակի ծածկագրով, արխիվացված URL-ով եւ նշումով, թե արդյոք այդ URL-ը նախկինում արխիվացված է եղել Wayback Machine-ում:

Մեկ այլ տարբերակ. ուղարկեք առանձին URL-ը «[email protected]» էլ-հասցեին: Եթե նամակի թեմա դաշտում նշեք «capture outlinks» (պահպանել ելքային հղումները), դրանք նույնպես կպահպանվեն: Այս դեպքում եւս գործընթացի ավարտին դուք ձեր էլ. փոստին կստանաք ողջ հաշվետվությունը:

Եվ վերջապես, տեխնիկապես ավելի հմուտ մարդկանց համար Wayback Machine-ը տրամադրում է API կամ հավելվածի ծրագրային ինտերֆեյս, որը թույլ կտա ինտեգրել ծառայությունը ձեր ընթացիկ աշխատանքային հոսքերին կամ օգնել ավտոմատացնելու ձեր աշխատանքը նոր հավելվածներ ստեղծելիս: Սրա օրինակ է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Meedan շահույթ չհետապնդող տեխնոլոգիական կազմակերպությունը, որը համաշխարհային լրագրությանն աջակցելու նպատակով ստեղծում է ծրագրային ապահովումներ եւ նախաձեռնություններ. նրանք իրենց  «Check» (ստուգում) ծառայությունն ինտեգրել են Wayback Machine-ին:

Համեմատեք փոփոխություններն արխիվացված տարբերակներում

Երբեւէ պատահե՞լ է, որ ցանկանաք հայտնաբերել եւ ցուցադրել նույն վեբ էջի երկու տարբերակների միջեւ եղած տարբերությունը՝ միգուցե տեսնելու, թե ինչպես է ընկերությունը կամ անհատը փոխել իրենց կայքը կամ հարմարեցրել ձեւակերպումներն իրենց էջում: Դա կարելի է անել «Changes» («Փոփոխություններ») գործառույթի միջոցով:

Սա փորձելու համար Wayback Machine-ի գլխավոր էջի որոնման հատվածում մուտքագրեք ցանկացած արխիվացված URL: Այնուհետեւ սեղմեք «Change» («Փոխել»):

Դուք կտեսնեք տարբեր օրերին եւ ժամերին արխիվացված տարբերակների ցանկը. այս փոփոխություններն ընդգծված են գույներով՝ արխիվացված URL-ների միջեւ տարբերությունների աստիճանը ներկայացնելու համար:

Այնուհետեւ ընտրեք URL-ի` ցանկացած երկու ժամանակահատվածում ստեղծված տարբերակ, եւ դրանք կարտացոլվեն կողք կողքի, իսկ տեքստային տարբերություններն ընդգծված կլինեն կապույտ եւ դեղին գույներով: Այս գործառույթի միջոցով է բացահայտվել, թե ինչպես է բրիտանացի մի բլոգեր եւ քաղաքական խորհրդական փորձել վերաշարադրել պատմությունը (ստորեւ՝ սքրինշոթը):

Ընդլայնված որոնում արխիվում

Դուք կարող եք օգտվել Wayback Machine-ի URLs գործառույթից՝ ցանկացած պահպանված կայքի հասցեի ենթահասցեներ փնտրելու համար՝ օգտագործելով բանալի բառեր եւ/կամ MIME տեսակի ֆայլեր: Կարելի է հեշտությամբ զտել եւ տեսակավորել արդյունքները՝ առանձնացնելու ձեզ հետաքրքրող արխիվները:

Մեր ինժեներները ինդեքսավորել են որոշ ֆայլեր եւ կայքերի հավաքածուներ, եւ Wayback Machine-ն առաջարկում է դրանց ամբողջական տեքստային որոնման ինտերֆեյս: Wayback Machine-ի գլխավոր էջի ներքեւում գտեք «Collection Search» («Հավաքածուների որոնում») բաժինը: Սրանց թվում են այնպիսի անհետացած կայքեր, ինչպիսիք են poetry.com-ը, ռուսական անկախ ԶԼՄ-ները եւ 749 միլիոն PDF ֆայլերից բաղկացած հավաքածուն: Մեկ այլ տեղ, որտեղ կարելի է ծանոթանալ հավաքածուների համար նախատեսված ծառայություններին, Internet Archive-ի գլխավոր էջն է: Եթե ցանկանաք, որ մենք ինդեքսավորենք արխիվացված նյութերի որոշակի հավաքածուներ (օրինակ՝ ըստ տարբեր URL-ների կաղապարների), խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով:

API-ի կիրառումը Wayback Machine-ի հետ

Ի հավելումն API-ի, որն աջակցում է «Save Page Now» ծառայության միջոցով արխիվացմանը, կան նաեւ API-ներ, որոնք կարող են օգտագործվել Wayback Machine-ում հարցումներ անելու համար՝ տեսնելու, թե արդյոք կոնկրետ URL-ներ արխիվացվել են: Դրանց մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Ինչպես իր ծառայությունների մեծ մասի դեպքում, Wayback-ը իր API-ների օգտագործման հաճախականության համար պաշտոնական սահմանափակումներ չի կիրառում: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հնարավոր են որոշակի սահմանափակումներ: Եթե բախվում եք Wayback Machine-ի օգտագործման հետ կապված որեւէ խնդրի, ուղարկեք մեզ էլ. նամակ կամ գրեք մեզ Twitter-ում. լրագրողներին աջակցելը մեզ համար առաջնահերթություն է:

Արխիվացված էջերին համատեքստի ավելացում

Մենք գիտակցում ենք, որ համատեքստը եւ տեղեկության ծագումը կենսական նշանակություն ունեն ցանկացած արխիվի ավելի ամբողջական ընկալման համար: Դա հաշվի առնելով՝ մենք սկսել ենք համատեքստային բաներներ ավելացնել, որպեսզի օգտատերերն ավելի լավ հասկանան մեր արխիվացված ռեսուրսները: Այս տեսակի բաներները կարող են օգտագործվել, երբ արխիվացված վեբ էջը հեռացվել է, կամ երբ էջի մասին գրել է որեւէ հայտնի հետազոտական կազմակերպություն:

Վեբ էջի մասին լավագույնս պատկերացում կազմելու համար կարեւոր է իմանալ այդ էջը ձեւավորող արխիվացված URL հասցեներից յուրաքանչյուրի ծագումը: Օրինակ՝ արդյո՞ք արխիվացված վեբ էջի որոշ պատկերներ արձանագրվել են նույն օրը եւ ժամին, ինչ էջի այլ տարրեր: Դուք կարող եք տեսնել այդ տեղեկությունը՝ սեղմելով «About this capture» («Այս գրառման մասին») հղումը՝ արխիվացված յուրաքանչյուր էջի վերեւի աջ մասում:

Տարիների ընթացքում մեր արխիվների արժանահավատության, դրանց ծագման թափանցիկության ը մեր ցուցաբերած հոգատարության եւ ուշադրության շնորհիվ է, որ մարդիկ ընդհանուր առմամբ վստահում են Wayback Machine-ին: Սա է պատճառը, որ  աշխարհի բազմաթիվ դատարաններ ընդունելի են համարել Wayback Machine-ում պահվող ապացույցները:

Եթե ցանկանում եք, որ մենք դիտարկենք “Save Page Now” գործառույթով ձեր ստեղծած արխիվներին համատեքստ ավելացնելու հնարավորությունը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեով։

Ընդլայնումներ դիտարկիչի համար 

Ինչպես կարելի է կռահել, մենք Safari, Firefox եւ Chrome դիտարկիչների համար ընդլայնումներ (անգլ.՝ extensions) ունենք, ինչպես նաեւ՝ iOS-ի եւ Android-ի համար բջջային հավելվածներ: Առանձնահատուկ հիշատակման է արժանի, որ Brave որոնողական համակարգի հետ համագործակցությամբ մենք ներկառուցել ենք 404 սխալի (error 404) եւ այլ սխալների հայտնաբերման գործառույթ հենց դիտարկիչում, որպեսզի հնարավորինս հեշտացնենք Wayback Machine-ի կիրառումը տարբեր կայքեր այցելելիս:

Նախեւառաջ, սակայն, իմացեք, որ Internet Archive-ի եւ Wayback Machine-ի աջակցության ծառայությանը դիմելու համար պետք է պարզապես էլեկտրոնային նամակ գրել [email protected] հասցեով կամ ուղարկել անձնական նամակ Twitter-ում: Խնդրում ենք ուղարկել ձեր հարցերը, խնդրանքները, թերությունների մասին տեղեկությունները եւ հաջողության պատմությունները: Մեզ հատկապես հետաքրքիր է իմանալ, թե ինչը ձեզ դուր չի գալիս մեր ծառայություններում, կամ ըստ ձեզ՝ ինչ գործառույթներ պետք է բարելավենք կամ ավելացնենք: Այդ կերպ մենք կարող ենք ավելի լավացնել մեր աշխատանքը՝ աջակցելով լրագրողների կարիքների եւ ցանկությունների բավարարմանը:

Բայց սա դեռ ամենը չէ…

Հանրային ցանցի էջերի մեծ մասը արխիվացնելուց զատ, Internet Archive-ը պահպանում եւ հասանելի է դարձնում նյութերի այլ հավաքածուներ, ներառյալ ավելի քան 25 միլիոն բաց հասանելիությամբ գիտական աշխատություններ մեր Internet Archive Scholar ծառայության միջոցով, մոտ 30 միլիոն էլեկտրոնային գրքեր եւ տեքստեր, որոնք կարելի է նախադիտել, փոխառել կամ ներբեռնել, եւ հեռուստատեսային նորությունների արխիվացված միլիոնավոր ժամեր (մոտ 10 տարվա ժամանակահատվածի մի քանի տասնյակ ալիքներ), որոնք ինդեքսավորված ենթագրերի որոնմամբ հասանելի են ամբողջական տեքստային տարբերակով։ 

Internet Archive-ի եւ Wayback Machine-ի նախագծերի եւ ծառայությունների մասին տեղեկացված լինելու համար խնդրում ենք հետեւել մեզ Twitter-ում (@internetarchive եւ @waybackmachine) եւ կարդալ մեր բլոգային գրառումները:

Ինտերնետային արխիվը և դրա «Wayback Machine»-ը անգնահատելի գործիքներ են հետաքննող լրագրողների համար: Լուսանկարի աղբյուր՝ Shutterstock

Մարկ Գրեհեմը ավելի քան հինգ տարի ղեկավարել է Wayback Machine-ը: Մինչ այդ նա NBC News Digital-ի ավագ փոխնախագահն էր։ Գրեհեմը նաեւ օգնել է գործարկելու ԱՄՆ-ՍՍՀՄ առաջին էլ. փոստի ծառայությունը, նախաձեռնել է առաջին վեբ-ինտերֆեյսի ստեղծումը առցանց քննարկումների հարթակի համար, ինչպես նաեւ օգնել է գործարկելու iVillage-ը՝ կանանց համար նախատեսված առաջին առցանց ծառայություններից մեկը:

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter