HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանին ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Թումանյանի անվան այգում կտեղադրվի հայ մեծանուն նկարիչ-քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը: Նախագծի նպատակն է Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկ անգամ ևս արժևորել ու հանրահռչակել մեծանուն մտավորականի ժառանգությունը:
***
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյեի արձանը: Երևանի ավագանու որոշմամբ քանդակի տեղադրման վայր ընտրվեց Ազնավուրի անվան հրապարակը: Հարկ է նշել, որ հուշարձանի համար կհայտարարվի նոր մրցույթ: 
***
Ավագանին այսօր որոշակի սահմանափակումներ ու պայմաններ է սահմանել մայրաքաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու համար: Միջոցառումների ու տարբեր նախաձեռնությունների ընթացքում մարդկանց անվտանգության ապահովմանն ուղղված հստակ պահանջներից բացի, միջոցառումների ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը, փողոցային երաժիշտներն էլ բնակելի, հասարակական նշանակության շենքերից ու շինություններից առնվազն 10 մ հեռավորություն պետք է պահպանեն: 
***
Երևանյան գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ: Ավագանու որոշմամբ այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք կտրամադրվի համայնքային գրադարաններին: Այդ նպատակով համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարի:
***
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ՝ համայնքը նաև վերազինման ու արդիականացման ծրագիր կիրականացնի: Մշակութային օջախը թատերահամերգային տեխնիկական միջոցներով կհամալրվի. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:  
***
Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման, մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման ու կրթական ծրագրերի նպատակով ավագանու որոշմամբ ավելացվել են ՀՀ կառավարությունից տրամադրվող միջոցները:    
***
Երևանում հաշվառված հուշարձան-շենքերի մի մասը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանում է մասնավորին: Ավագանու որոշմամբ այսուհետ սեփականատերերը կպարտավորվեն պատշաճ վիճակում պահել մշակութային հուշարձան հանդիսացող շենքերը:
***
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքը հանձնվեց համայնքին: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: 
***
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային, հ.10 սպորտդահլիճի և հ.10/1 հանրակացարանային շենքերում  ապրող շուրջ 60 ընտանիքների խնդիրը համայնքը կլուծի: Ավագանու որոշմամբ բնակիչների մի մասին կտրվեն բնակարաններ՝ առկա ֆոնդից, իսկ մյուսներին՝ կհանձնվեն բնակարանների գնման վկայականներ:
***
Այսպիսով, Երևանի ավագանին ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter