
Կառավարությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու նախագիծ է շրջանառվում
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի ելույթի առնչությամբ: Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի կապուղու» մասին, որը, ըստ նախարարի, Կովկասի համար կենսական նշանակություն է ունենալու՝ թուրքական երկրներին կապող օղակ:
Պատգամավորը խնդրեց մեկնաբանել թուրքական կողմի հայտարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ու նմանատիպ հարցերին տասնյակ անգամ է պատասխանել: Վարչապետը նշեց, որ դեմ չեն Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը: Ըստ Ն. Փաշինյանի՝ այդ երկաթուղու վերագործարկումը Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեմ չեն նաև տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը: Կողմ են, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանի և Ադրբեջանի Արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:
Վարչապետն ասաց, որ դեմ չեն նաև, որ Հայաստանի տարածքով անցնեն գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման լարեր: Ավելին՝ հետաքրքրված են այդ նախագծերով: Սակայն, այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև նույնը այլ երկրների դեպքում:
«Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ավելացրեց Փաշինյանը:
Վարչապետը կրկին հիշեցրեց, որ սուվերենությունը սահմանափակող միակ միջանցքը, որի մասին խոսվել է 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթում, Լաչինի միջանցքն է: Հայաստանի Հանրաետության տարածքով միջանցք նախատեսված չէ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության օրակարգում շրջանառվում է նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ: Դրանցից մեկը Նախիջևանի սահանին, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին:
Մեկնաբանել