HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում թվարկում է Ռուսաստանի ոչ հայանպաստ դիրքորոշումները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ հայ-ռուսական լարված հարաբերություններին: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ռուսաստանն արդեն ոչ բարեկամական է որակել Հռոմի ստատուտի վավերացման հարցը ԱԺ բերելու հանգամանքը: 

Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպես է լինելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը, երբ ստատուտի վավերացման հարցը քննարկվի խորհրդարանում:

Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ հայ-ադրբեջանական վերջին լարված օրերին մի շարք երկրների կամ կառույցների ղեկավարների հետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինին նամակ է գրել:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով պատգամավորի հարցերին, ասաց, որ երկու երկրների հետ հարաբերություններում առաջնորդվում է ռուսաստանցի գործընկերոջ հայտարարություններով: Այսինքն՝ Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, այդ թվում նաև՝ Փաշինյանի հետ:

Վարչապետը հիշեց, որ Լաչինի միջանցքի փակվելուց հետո Վլադիմիր Պուտինի հետ 7-8 հեռախոսազրույց է ունեցել: 

Ագնեսա Խամոյանը վարչապետին հիշեցրեց նաև Պուտինի ելույթի այն հատվածը, որ Հայաստանն է՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում: 

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման հարցին, նշեց, որ իր կարծիքով այն վավերացվելու է ամբողջությամբ և լիարժեք և որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, այլ կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչելուն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է: 1993թ․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 բանաձևերին Ռուսաստանը կողմ է քվեարկել, որտեղ Ղարաբաղը դիտարկվել է Ադրբեջանի մաս: Եթե կողմ չքվեարկեր այդ բանաձևերը չէին ընդունվի:

Ըստ վարչապետի՝ Լիսաբոնի գագաթնաժողովում ևս ոչ հայանպաստ հայտարարության կողմնակից է եղել: Իսկ 2020թ․ նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է: Բացի այդ, Ադրբեջանի հետ ռազմավարական հռչակագրում Ռուսաստանի Դաշնությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 

Փաշինյանը ևս մի քանի փաստեր հիշատակեց, որ Ռուսաստանի իշխանությունները ոչ հայանպաստ վարքագիծ են դրսևորել:

«Հայաստանի Հանրապետությունը չի հայտարարել, Ռուսաստանի Դաշնությունը չի հայտարարել, Ադրբեջանի Հանրապետւթյունը չի հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ: Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է»,-ասում է վարչապետը՝ նշելով որ այդ հայտարարության մեջ որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, եթե Լեռնային Ղարաբաղի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս ճանաչելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է Ռուսաստանի Դաշնությունը: 2020թ-ին Ռուսաստանն է հայտարերել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter