HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է Իտալիայի նախկին վարչապետին

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը ներկա էին նաև Իտալիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով մեծանուն քաղաքական գործչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց վերջինիս ԵՊՀ-ի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առիթով։ 

Հանդիպմանը Հայոց Հովվապետը նշեց, որ հայ-իտալական բարեկամությունն ունի դարերի պատմություն և ընդգծեց, որ եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները, որոնց ջերմ գործակցությունը շարունակվում է և այսօր:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ շարունակ ոտնձգություններին, ինչպես և շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Հայոց Հայրապետը, գնահատելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության ներդրած ջանքերը, կարևոր նկատեց առավել ազդու միջոցների գործադրումը՝ կանխելու արցախահայության նկատմամբ բռնաճնշումների և Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Իր խոսքում Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ի մասնավորի կարևոր նկատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային կառույցների առավել ներգրավվածությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter