
Ախթալայի կոմբինատի պոչանքի ջրերով մարդիկ լոբի, եգիպտացորեն են աճեցնում, անասուն արածեցնում (ֆոտո և վիդեո)
Հունիսի 24-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ վերաշահագործման օրվանից կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը գործել է հազիվ 2 ամիս: «Դրանից հետո այն գործում է պատահական»,- հայտնեց մեր աղբյուրը: Լեռնահարստացման կոմբինատը 2011 թ.-ի մարտին Ճոճկանի պոչամբարի շահագործման իրավունքը ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է ջրի շրջանառու համակարգով աշխատելու պայմանով:
Ահազանգը ուսումնասիրելու համար հունիսի 25-ին «Հետքն» այցելեց Ախթալա, ապա Ճոճկանի պոչամբար: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասաց, որ Ճոճկանի պոչամբարի շրջանառու ջրի համակարգի պոմպակայանը գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի սահմանում, այդ պատճառով էլ տեղյակ չէ պոչամբարի ջրի շրջանառու համակարգի աշխատանքից: Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակից ամեն օր կարելի է տեսնել, թե ինչպես ԼՀԿ-ից դուրս եկող խողովակներից եկեղեցու դիմացի լանջով պոչանքային հոսքեր են թափվում Ախթալա գետակ: Քաղաքապետին հարցրինք այդ հոսքերի մասին: Հակազ Խաչիկյանը տեղյակ էր դրանից. «Դրանք արտադրության մեջ օգտագործվող շրջանառու համակարգի ջրերն են, որոնք ԼՀԿ-ից Ճոճկանի պոչամբար ուղղվելու փոխարեն, ամեն օր թափվում են Ախթալա գետակ»:
Ջրի շրջանառու համակարգով աշխատելու դեպքում պոչամբարում պոչանքներից քամված ջուրը պետք է հավաքվի լճակի մեջ, որն էլ պոմպերով պետք է մղվի լեռնահարստացման կոմբինատ` արտադրության մեջ կրկին օգտագործելու համար: «Հետքի» այցելության պահին Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չէր գործում: «Աշխատելու դեպքում աշխատող պոմպերի ձայնը պետք է լսելի լիներ շրջակայքում, բացի այդ՝ պոմպերով մաքրված ջուրը կոմբինատ մղելու ժամանակ ջրի խողովակները ցնցվում են»,- ասացին խողովակների թունելի մոտ կանգնած այրումցիները:
Պոչամբարի՝ Մեծ Այրում գյուղի կողմում գտնվող պոչանքատար խողովակների դիտահորի երկու խողովակներից մեկով պոչանք էր թափվում պոչամբար, որը փաստում էր լեռնահարստացման կոմբինատում այդ պահին ընթացող պղնձի խտանյութի արտադրության մասին:
Պոչանքների խողովակների դիտահորի անվտանգությունը ապահովված չէր, այն բաց և մատչելի էր դիտահորի շրջակայքում արածող անասունների համար: Զավեշտալի էր, բայց աշխատողները պոչամբարում լոբի, արևածաղիկ և եգիպտացորեն էին ցանել: Ծանր մետաղներով սնված մշակաբույսերի փարթամությունը հիացնում էր պոչամբարի աշխատողներին. «Բա ասում եք՝ պոչամբարը վտանգավոր է, տեսնո՞ւմ եք՝ ոնց են աճել լոբին, արևածաղիկն ու եգիպտացորենը»: Ակնհայտ էր, որ լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունն իր աշխատողներին չէր տեղեկացրել պոչամբարի վտանգների մասին: Աշխատողներն էլ հոմուրով էին վերաբերվում իրենց կյանքի համար սպառնալիք հանդիսացող ծանր մետաղներով հագեցած պոչամբարին: Նրանք աշխատում էին առանց պաշտպանիչ հագուստների: Պոչամբարի աշխատողները մեզ արգելեցին մոտենալ պոմպակայանին:
Ճոճկանի պոչամբարի չգործող ջրի շրջանառու համակարգի հետ կապված՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանի՝ «Հետքին» տված հեռախոսային պատասխանները խուսափողական էին. «Ինչու՞, պետք է աշխատեին, ես տեղյակ չեմ»: Ջրի շրջանառու համակարգի ընդամենը 1-2 ամիս աշխատելու մասին Լյովա Վարդանյանն ասաց. «Դա մի քիչ ճիշտ չէ»: Նա չափազանց տխուր ձայնով նաև ասաց, որ տեղյակ չէ ԼՀԿ-ից Ախթալա գետակ թափվող պոչանքային հոսքերից. «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ: Կիմանամ, հետո կասեմ»:
Ախթալայի ԼՀԿ-ում ստեղծված վիճակի մասին «Հետքը» խնդրեց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի մեկնաբանությունը: «Դա նշանակում է, որ լեռնահարստացման կոմբինատը պոչամբարի շահագործման նախագծային խախտում է կատարել: Նա իր կողմից աղտոտած ջուրը օգտագործելու փոխարեն արտադրության մեջ թարմ ջուր է օգտագործում և դրանք լցնում է Ախթալա գետակը: Դրա համար պատասխանատվության պետք է ենթարկել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը»,- ասաց Հակոբ Սանասարյանը: Այդուհանդերձ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ամերիկահայ Մադլեն Թաշճյանը չգիտես որ իրավունքով շարունակում է «բեսպրեդել» գործել Ախթալայում:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել