HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողերի լվացման սխեմայով մանկապարտեզ են սեփականաշնորհել․ Աննա Վարդապետյան

Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում դպրոցների և մանկապարտեզների կառուցման ընթացքը։ Գործադիրի ղեկավարը նախ՝ անուն առ անուն թվարկեց բոլոր այն բնակավայրերը, որտեղ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ապա հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեում նոր հաստիքներ են ստեղծվում, որպեսզի տեմպ հաղորդեն Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման, վերանորոգման գործընթացին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջերս ի հայտ է եկել մի տեղեկատվություն, ըստ որի՝ դատախազությունում քննվում են Երևանում գտնվող 24 առանձին մանկապարտեզի սեփականաշնորհման վերաբերյալ գործեր։ Դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ վաչապետը հետաքրքրվեց այդ գործերի ընթացքով։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ մանկապարտեզների սեփականաշնորհման վերաբերյալ դատախազությունում երկու ուղղությամբ են աշխատում։ Մեկը պետական շահերի պաշտպանության շրջանակում է, մյուսը՝ քրեական վարույթների։

«Երևան քաղաքի 14 մանկապարտեզի օտարումների վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- հայտարարեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ դրանցից 5-ը գտնվում են Նոր Նորքում, 7-ը` Կենտրոնում, 1-ը` Դավթաշենում, 1-ը՝ Շենգավիթում։ Ըստ Աննա Վարդապետյանի՝ մանկապարտեզների սեփականաշնորհման հետևանքով Երևան համայնքը վնաս է կրել, որի վերականգնմանն է ուղղված իրավական այս գործընթացը։ Հայտարարվեց նաև, որ մարզերում գտնվող սեփականաշնորհված մանկապարտեզների պատմությունները նույնպես դատախազությունում ուսումնասիրվում են։

Աննա Վարդապետյանը հայտարարեց նաև, որ մանկապարտեզներ սեփականաշնորհողները նպատակ են ունեցել տարածքները բիզնես նպատակով օգտագործել, քանի որ դրանք գտնվել են բիզնես տեսանկյունից Երևան քաղաքի եկամտաբեր հատվածներում։ 

«Մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու, որովհետև նույն Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելիություն ունեցող մանկապարտեզների թիվը խիստ կրճատվել է հենց այս գործընթացի (օտարումների, հեղ․) արդյունքում։ Վառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում։ Կասկադի տարածքում է գտնվում, քրեական վարույթներից մեկով է անցնում»,- ներկայացրեց գլխավոր դատախազը։

Նկատենք, որ մանկապարտեզների սեփականաշնորհման մասին այս քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ քարոզարշավի ակտիվ փուլում։

Մանկապարտեզների սեփականաշնորհման մասին «Հետքը» հոդվածաշար էր հրապարակել 2019-ից 2020 թ․-ին, որից հետո քրեական վարույթներ են նախաձեռնվել, սակայն մինչ օրս որևէ մանկապարտեզի տարածք կամ դրան համարժեք հատուցում Երևան համայնքը չի ստացել։ 

(2020 թ-ին միայն Մալաթիա Սեբաստիայում գտնվող Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզի անհատույց օգտագործման իրավունքն է դադարեցվել, որով այն հատկացվել էր նախկին պատգամավորի հետ կապված ՀԿ-ին)

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter