HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վճռաբեկ դատարանն էլ մերժեց Արթուր Գրիգորյանին

Այս ամիս Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Արթուր Գրիգորյանի բողոքը, որը ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.04.2012 թվականի որոշման դեմ էր:

Ա. Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր «Հրապարակ» օրաթերթից որպես պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել ընդհանուր առմամբ 18 միլիոն ՀՀ դրամ, որը ենթակա կլինի վճարման յուրաքանչյուր ամիս 250 հազար ՀՀ դրամի չափով` 6 տարվա ընթացքում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  07.03.2012 թ.-ի վճռով հայցը մերժվել էր: 

ՀՀ վերաքննիչ դատարանն էլ 16.04.2012 թ.-ին վերադարձրել էր Արթուր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Իր վճռաբեկ բողոքում Ա. Գրիգորյանը պատճառաբանել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ և 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը պատճառաբանում է, որ վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ անձի պատիվը և արժանապատվությունը, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ դասվում են անձնական ոչ նյութական բարիքների շարքին, ինչն էլ ենթադրում է, որ դրանց դատական պաշտպանությունը չի կարող համարվել գույքային պահանջ, պետական տուրքը քիչ վճարված լինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, Արթուր Գրիգորյանին զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.04.2012 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով, այն է՝ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում բողոք բերողը պետական տուրքի վճարումը կատարել է մասնակի` 10 հազար ՀՀ դրամի չափով, մինչդեռ դատարանի վճիռների դեմ բերված վերաքննիչ բողոքների համար գույքային պահանջի գործերով գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով գումար, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով գումար»:

Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter