HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հանրային ձայն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանի հետ հարցազրույց անել հնարավոր չէ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արտակ Գալստյանի հետ չենք կարողացել հարցազրույց անել: Նա կալանավայրում է, և դատարանը նրա նկատմամբ տեսակցությունների արգելք է սահմանել:

«Հետքը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարը զբաղեցնող թեկնածուների հետ հարցազրույցներ է վարել: Հավասարության սկզբունքը պահելու նպատակով փորձեցինք հարցազրույց անել նաև կալանավայրում գտնվող Արտակ Գալստյանի հետ: 

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը փոխանցեց, որ հարցազրույց իրականացնել հնարավոր չէ, «քանի որ Արտակ Գալստյանն արգելանք ունի»:

Հիշեցնենք՝ Ա. Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:

Ինչպես հայտնել էին Քննչական կոմիտեից, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ 

Հարուցված քրեական վարույթն ունի այլ դրվագներ ևս:

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալ մինչև 3 վստահված անձանց հետ»:

Նոնա Նավիկյանի փոխանցմամբ՝ Ա. Գալստյանը պարբերաբար հանդիպել է իր վստահված անձանց հետ: Դատարանի՝ տեեսակցությունների սահմանափակումները նրանց վրա չեն տարածվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ քարոզարշավի ընթացքում Արտակ Գալստյանից կամ իր ներկայացուցիչներից դիմում-բողոք ստացվե՞լ է ընտրական գործընթացներին խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ:

«Քարոզարշավի առաջին օրը բանավոր ահազանգ ենք ստացել, որ վստահված անձինք չեն կարողանում տեսակցել Արտակ Գալստյանի հետ: Հարցը կարգավորվել է: Դրանից բացի, որևէ բողոք, դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել»,- հայտնում է Ս. Ղուկասյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter