
Մարիամ Գեւորգյանի գործով դատարանի առաջ ցույց կանեն
Հունիսի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատավարության առնչությամբ:
Ակնկալում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտահոգ քաղաքացիների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Մեկնաբանել