HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եվրոպացի փորձագետները հայ-ադրբեջանական սահմանի օդային տարածքը ռիսկային են գնահատում

Նիդերլանդական «Dyami» ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում եւ կատարում է ռիսկերի գնահատում ու տարատեսակ խորհրդատվություն է մատուցում, սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ խորհուրդ է տալիս շրջանցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու երկինքը:

Ընկերության կայքում նշվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 6-ից զգալի ռազմական ուժ է կուտակել Հայաստանի հետ սահմանին, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը կանգ է առել: Աղբյուրը նաեւ նկատում է, որ ադրբեջանական պետական մեդիան շարունակաբար Հայաստանը ներկայացնում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»:

«Ադրբեջանը գրեթե քայլ առ քայլ կրկնօրինակում է Ռուսաստանի վարքագիծը, մինչեւ վերջինս լայնածավալ ներխուժում կիրականացներ Ուկրաինա»,- հայտարարել է «Dyami»-ն:

Որպես կանխարգելիչ միջոց նիդերլանդական կողմն առաջարկում է բոլոր տեսակի օդանավերին շրջանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած օդային տարածքը: Շեշտվում է, որ երկրներից մեկից մյուսի երկինք մտնելու փոխարեն անհրաժեշտ է օգտվել Վրաստան-Ադրբեջան օդային սահմանի «DISKA» եւ «ADEKI» անցումային կետերից (տես առաջին նկարում): Միաժամանակ ասվում է, որ չնայած «BARAD» անցակետը չի գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանին (այն Վրաստան-Ադրբեջան սահմանին է, սակայն շատ մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային «եռանկյունուն», տես ստորեւ), այն եւս պետք է շրջանցել:

Մեր կողմից հավելենք, որ Հայաստան-Ադրբեջան օդային սահմանի վրա կա 4 անցումային կետ՝ «MATAL» (Տավուշի հատվածում), «ELSIV» (Գեղարքունիք), «PEMAN» (Գեղարքունիք), «VETEN» (Գեղարքունիք): Սրանցից առավել ակտիվ կիրառվում են առաջին երեքը:

Նիդերլանդական աղբյուրը նշում է, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ բախման հավանականությունը բավականին մեծ է: «Այս կոնֆլիկտում Ադրբեջանի նպատակն, ըստ էության, իր տարածքի միացումն է Նախիջեւան էքսկլավին: Սա Ադրբեջանին ուղիղ ցամաքային կապ կապահովի դեպի իր ամենամերձավոր դաշնակիցը՝ Թուրքիա: Սա նշանակում է, որ Ադրբեջանի նպատակը հավանական կոնֆլիկտում լինելու է Հայաստանի հարավի անեքսիան՝ բռնակցումը: Փոքր հավանականություն կա, որ զորքերի ներկա կուտակումը կօգտագործվի որպես քաղաքական քայլ՝ «խաղաղության» բանակցություններում կոնկրետ արդյունքների հանգեցնելու նպատակով: Եթե լայնածավալ առճակատում սկսվի տարածաշրջանում, ապա օդային փոխադրումները մեծապես ազդեցություն կկրեն դրանից, քանի որ վտանգավոր կլինի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների հարեւանությամբ որեւէ տեղ ճամփորդելը: Դա նաեւ կփակի Եվրոպայի ու Ասիայի միջեւ առեւտրային ավիացիայի եւս մի տարբերակ»,- գրել է «Dyami»-ն, որը նույնատիպ հաղորդագրությամբ հանդես էր եկել նաեւ սեպտեմբերի 8-ին:

Ամերիկյան «Aviation International News»-ն (AIN) իր հերթին մեջբերել է «Dyami»-ի հիմնադիր եւ ղեկավար, նիդերլանդական հետախուզության եւ անվտանգության ոլորտում աշխատած Էրիկ Սխաուտենին (Eric Schouten), որը մտահոգված է այն հանգամանքով, որ ավիափոխադրողները առայժմ, թերեւս, բավականաչափ լուրջ չեն ընկալում երկու երկրների միջեւ օդային տարանցում կատարելու ռիսկը: «Սա իսկապես վտանգավոր նոր թեժ կետ է»,- ասել է Սխաուտենը:

Ըստ «AIN»-ի՝ աճող լարվածությունը մտահոգություն է առաջացրել առ այն, որ միջմայրցամաքային երթուղիների վրա ավիաընկերությունները միգուցե չցանկանան թռչել ավելի երկար, վառելիքի առումով ավելի ծախսատար շրջանցիկ ուղիներով՝ այս տարածաշրջանից խուսափելու համար: Ամերիկյան աղբյուրը հիշեցնում է, որ փոխադրողներին արդեն զգուշացվել է հեռու մնալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող ռազմական գործողություններին հարող օդային տարածքից: Այսինքն՝ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի վտանգներից մեկն այն է, որ, թերեւս, հարկ կլինի շրջանցել նաեւ Հարավային Կովկասը՝ դրանով է՛լ ավելի երկարացնելով թռիչքներն ու մեծացնելով թե՛ վառելիքի, թե՛ ֆինանսական ծախսերը:

«Aviation International News»-ը նշում է նաեւ, որ Հայաստանն իբրեւ «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնող պաշտոնական Բաքուն իր ռազմական մեքենաները ներկել է շրջված «A» տառով, որը հիշեցնում է Ուկրաինա մտած ռուսական տեխնիկայի վրա եղած «Z» լոգոտիպը:

«AIN»-ը մեջբերել է նաեւ բրիտանական «Osprey Flight Solutions»-ին, որը եւս մասնագիտացած է ավիացիոն անվտանգության բնագավառում: Բրիտանական աղբյուրը հայ-ադրբեջանական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը բնութագրել է որպես «բարձր ռիսկային բոլոր բարձրությունների վրա»:

«Osprey»-ի հետախուզության եւ վերլուծական բաժնի ղեկավար Մարկ Բրեյսը (Mark Brace) նշել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում չկան երթուղիներ, եւ այնտեղ չեն գործում քաղաքացիական օդանավակայաններ, այդուհանդերձ, իրենք նախկինի պես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի օդային տարածքով երթեւեկության անվտանգությամբ եւ մայիսից՝ հրադադարի ռեժիմի խախտումների աճից հետո, ընդլայնել են ռիսկային գոտու տարածքը:

Նկատենք, սակայն, որ ներկա պահին Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի, ավելի կոնկրետ՝ Մարտակերտի շրջանի երկնքով են անցնում N449 եւ T919 օդային մայրուղիները (տես ստորեւ): Այլ հարց է, թե որքան է ակտիվ դրանցով երթեւեկությունը:

«Osprey Flight Solutions»-ը «AIN»-ին նաեւ փոխանցել է, որ իրենք օգտագործում են ինչպես արհեստական բանականություն, այնպես էլ մարդու կողմից արվող վերլուծություններ՝ Հարավային Կովկասում թե՛ էսկալացիայի, թե՛ դեէսկալացիայի նշանները գնահատելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter