
Երեւանցիները նոր ավագանի են ընտրում
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։
Ըստ ոստիկանության՝ ընտրողների թիվը 824 հազար 250 է։ Նշենք, որ ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն ոչ միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այլեւ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:
«Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 475 տեղամասեր»,- հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրություններին հետեւում է 364 տեղական դիտորդ երեք կազմակերպությունից՝ «Ականատես» դիտորդական առաքելություն (100 դիտորդ), «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք (156 դիտորդ), «ՀայասՔվե» (108 դիտորդ)։ Միջազգային դիտորդների թիվը մեծ չէ՝ 24 հոգի, որոնցից 14-ը` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից, իսկ 10-ը՝ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ կազմակերպությունից։ 80 այցելու էլ գրանցվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 40 տեղական եւ 3 միջազգային զանգվածային լրատվության միջոց:
«Հետքը» տարբեր ընտրատեղամասերից լուսաբանելու է ավագանու ընտրությունները, քվեարկության ընթացքի մասին տեղեկանալու համար հետեւեք մեզ կայքում եւ մեր սոցիալական էջերում՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, Տելեգրամ, Յութուբ։
Մեկնաբանել