
Ինչպես վերադարձնել ապագան. կայացել է առաջին TEDxTsaghkunk-ը
Սեպտեմբերի 9-ին Սևան համայնքի Ծաղկունք գյուղը հյուրընկալել է «Վերադարձնելով ապագան» խորագրի ներքո իրականացվող միջազգային TEDxTsaghkunk-ի բանախոսներին և հյուրերին: Հայտնի TED ձևաչափի կոնֆերանսը Հայաստան էր բերել բնական գիտությունների, հաղորդակցության ու նորարարության ոլորտների մասնագետների, ովքեր տեղացի մասնակիցների հետ հանդես եկան ոգեշնչող և ուսանելի ելույթներով:
«Միջոցառումը նախաձեռնվել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին Նախագծի շրջանակներում` գյուղատնտեսության, համայնքների կառավարման, կրթության և այլ ոլորտներում գիտահեն նորարարության խթանման նպատակով:
Առաջին TEDxTsaghkunk-ի բանախոսներն էին`
- Ստեֆան Վերրա - մարմնի լեզվի միջազգային մասնագետ
- Կարինե Սարգսյան - Cancer Biobank Cedars-Sinai, Cancer Institute-ի գիտական ղեկավար
- Թամաշ Լանդես - ՄԱԿ-ի փորձառու դիվանագետ և ապագայի ուսումնասիրությունների առաջնորդ
- Քրիսթոֆ Հոլց - թվային փոխակերպման փորձագետ, խոսնակ
- Օկսանա Տարասովա - Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մթնոլորտային միջավայրի հետազոտության բաժնի ղեկավար
- Սահար Ալբազար - Եգիպտոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, Եգիպտոսի կին քաղաքական առաջնորդների դեսպան (WPL)
- Վալերի Պետրոսյան - Պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության նախկին փորձագետ
- Արսեն Աղաջանյան - Ձեռնարկատեր, ռեժիսոր, Գագարին Նախագծի նախաձեռնող
- Աշոտ Գաբրիելյան - երիտասարդների և համայնքային զարգացման մասնագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ
- Ժաննա Մխիթարյան - երիտասարդ սպորտային առաջնորդ
- MiF - Հայաստանի ապագան պատկերող հայ պատանիների նախաձեռնություն:
Թվայնացման և համակարգչային գիտությունների մասնագետ Քրիսթոֆ Հոլցն իր ելույթում շեշտադրեց բնության մեջ կյանքի շարունակականության հարատև շրջապտույտը, ինչին այսօր հակադրվում և խոչընդոտում է մարդկության սպառողական կենսակերպը: «Պատերազմները ոչ թե խաղաղության, այլ զարգացման բացակայությունն է», շեշտեց ավստրիացի բանախոսը` իր խոսքում նաև անդրադարձ կատարելով «այս օրերին սև այգում ծավալվող ցեղասպանությանը»:
Եգիպտոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ պատգամավոր Սահար Ալբազարը ներկաներին կոչ արեց անդրադառնալ նախնիներից մեզ փոխանցված մտավոր ու հոգեբանական կաղապարներին, որոնք հաճախ մեր վարքի վրա ուղղակի ազդեցություն են ունենում: Իր փորձով, այն է` հինգ տարի շարունակ մերժվելով Հարվարդի համալսարանից և միայն 6-րդ տարում ընդունվելով հանրահայտ ԲՈՒՀ-ը, նա կիսվեց սերնդեսերունդ փոխանցվող տրավման բուժելու և նախնիների իմաստությունը վերաարժևորելու մասին:
Մանկության երազանքի ու մեծահասակների մեջ այն ամեն կերպ արթուն պահելու մասին խոսեց «ԴԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գագարին Նախագծի նախաձեռնող Արսեն Աղաջանյանը: Իր մանկության հիշողությունները վերհիշելով` նա հնարավորություն տվեց հանդիսատեսին խորհել այն միջավայրի մասին, որը մեծահասակները ստեղծում են երեխաների համար` հաճախ կամա-ակամա նրանց «պարտադրելով» իրենց ճաշակն ու սովորույթները:
Տնտեսագետ Թամաշ Լանդեսը, ով առողջապահության և նորարարության ոլորտում երկարատև համագործակցության փորձ ունի համաշխարհային առաջատար կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն և այլն, ներկայացրեց ապագայի վերաբերյալ տեղեկացվածության կարևորությունը առաջնորդության մեջ: Ուսումնասիրելով առաջընթացը տարբեր ոլորտներում` արհեստական բանականության և այլ նորագույն տեխնոլոգիաների մասնակցությամբ, նա վստահեցնում է, որ ապագայի վերաբերյալ հաշվարկներն ու կանխատեսումները հուշում են ոչ միայն ռոբոտացման, այլև անձի ինքնազարգացման խթանման մասին, ինչը նորովի է սահմանում առաջնորդության մարտահրավերները:
Մեկ այլ ուշագրավ ելույթով հանդես եկավ մարդկանց հաղորդակցության ամենահին` մարմնի լեզվի մասնագետ, ավստրիացի բանախոս Ստեֆան Վերրան: Ինչպե՞ս հետաքրքրել զրուցակցին, ինչպե՞ս փոխանցել ասելիքը մատչելի և տպավորիչ կերպով. այս և նման հարցեր հասցեագրեց բանախոսը` բերելով կյանքից վերցված ուսանելի օրինակներ:
Սեփական կյանքի ու առաջընթացի փորձով փոփոխություն բերելու և փոփոխության կրողը դառալու մասին էր ավստրիահայ բժիշկ, գիտնական Կարինե Սարգսյանի ելույթը: Նրա ուղին Վանաձորում բնակվող ուսանողուհուց մինչև Գրացի Բժշկական համալսարանի բիոբանկի հիմնադիր-տնօրեն` ոգեշնչող պատմություն է գիտությամբ զբաղվել և, առհասարակ, սեփական երազանքին հետևել ջանացող երիտասարդների համար:
TEDxTsaghkunk-ն իրականացվում է Countdown լիցենզիայի ներքո, որը կարևորում է կլիմայական ճգնաժամի հասցեագրմանն ուղղված գաղափարների ներկայացումը: Այս ոլորտում մասնագիտական վերլուծությամբ և լուծումների առաջարկներով հանդես եկան ակադեմիական և գիտական մեծ փորձով երկու բանախոս` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մթնոլորտային միջավայրի հետազոտության բաժնի ղեկավար Օկսանա Տարասովան և ՄԱԿ-ի քիմիական անվտանգության նախկին փորձագետ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Պետրոսյանը: Երկրագնդի վրա ահագնացող կլիմայական ճգնաժամի պատճառներն, ինչպես նշեցին բանախոսները, գերազանցապես մարդու կողմից են հարուցված, հետևաբար լուծումները նույնպես հնարավոր է գտնել մարդկության գործունեության մեջ: Պրոֆեսոր Պետրոսյանն առաջարկում է «Էկոկատարսիսի»` բնապահպանական ինքնամաքրման գնալ, ինչի ուղղությամբ, ըստ բանախոսի, Հայաստանում կարևոր առաքելություն է իրականացնում Գագարին Նախագիծը:
Հատկանշական էր ապագային միտված խորագրի ներքո անցկացվող TEDxTsaghkunk-ին հենց երիտասարդ բանախոսների մասնակցությունը: Միջազգային կոնֆերանսին տեսակապով Արցախից միացավ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի երիտասարդ ուսուցիչ Աշոտ Գաբրիելյանը, ով պատմեց Կոլխոզաշեն գյուղի իր աշխակերտների հետ «Ջանէ» երիտասարդական կենտրոնի հիմնադրման և տեղացիների ջանքերով համայնքում իրականացրած տրանսֆորմացիոն փոփոխությունների մասին: Այս ոգեշնչող պատմությանը հաջորդեց Արցախում արդեն 272 օր շարունակվող շրջափակման իրականության ներկայացումը, բարձրաձայնվեցին կենսական խնդիրները, որոնց պայմաններում անգամ Աշոտն ու մյուս ստեղծագործ երիտասարդները շարունակում են լուծումներ և ելքեր փնտրել:
Դդմաշեն գյուղից 17-ամյա Ժաննա Մխիթարյանի ելույթը լի էր էմոցիաներով. նա խոսեց երազանքի համար պայքարելու իր ճանապահի մասին: Ժաննայի ուղին սկսվել է գյուղում ֆուտբոլով զբաղվելու ցանկությունից, որը վերաճել է Սևանում աղջիկների ակումբ ձևավորելու կամքի, ապա` իր երազանքի ակումբի` Փյունիկի կազմում բարձրագույն լիգայում խաղալու նպատակի: Սակայն, այս նպատակներին հասնելուց հետո երիտասարդ ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք է ստացել, որի հետևանքով ստիպված է եղել թողնել դաշտում խաղալու երազանքը: Նա նոր նպատակ է սահմանել. գյուղում երեխաների թիմ մարզել և հաղթանակներ գրանցել նրանց հետ, և հաջողությունները երկար սպասել չեն տվել:
Հայաստանի ապագան պատկերող հայ պատանիների MiF նախաձեռնությունը հանդես եկավ բանախոսություն-ներկայացմամբ. արտերկրում բնակվող ընկերների հետ տեսակապով նրանք ֆուտուրիստական սցենարներ ներկայացրեցին, որտեղ ռոբոտացմանը տուրք տվող մարդկությունը հարյուրամյակներ անց ապրում է առանց զգացմունքների և երազանքների: Պատանիները որոշում են հետ շրջել այդ զարգացումներն ու որոշել, թե ինչպիսի լուսավոր ապագա են իրենք ուզում կերտել այսօր` գալիք սերունդների համար:
Կոնֆերանսը տեղի ունեցավ Ծաղկունք գյուղի Սբ Հարություն չգործող եկեղեցու (19րդ դ.) սրահում, որն ուրույն պատմամշակութային շունչ էր հաղորդում օրվան, ինչն իր անզուգական կատարմամբ ամբողջացրեց ՀՀ Ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:
Միջոցառման հովանավորներն են «ԴԱՐ» հիմնադրամը և Գագարին Նախագիծը, «Ծաղկունք» ռեստորան-գլխատունը, «Անիվ» հիմնադրամը, ASKION և LVL տեխնոլոգիաները:
TEDxTsaghkunk-ի ուղիղ եթեր հեռարձակման ամբողջական տեսագրությունը հասանելի է ծրագրի սոցիալական հարթակներում, իսկ առանձին ելույթների տեսագրությունները շուտով կտեղադրվեն TEDx Talks միջազգային յութուբյան ալիքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել