
Չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը․ Արցախի ՊՆ
Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնում են , որ շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը:
«Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել