HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքննական լրագրություն. հասկացության սահմանումը

Չնայած հետաքննական լրագրության սահմանումները տարբեր են՝ հետաքննող լրագրողների մեծ մասը համաձայն է դրա կարևոր բաղադրիչների շուրջ. համակարգված, խորքային և յուրօրինակ հետազոտություն ու լուսաբանում, որը հաճախ ուղեկցվում է գաղտնիքների բացահայտմամբ։ Կա նաև ընկալում, որ հետաքննական լրագրությունը հանրային բաց աղբյուրների և տվյալների օգտագործման պրակտիկա է՝ սոցիալական արդարության և հաշվետվողականության հաստատման նպատակով։ 

ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած «Պատմության վրա հիմնված հետաքննություն» (անգլ.` Story-based inquiry, ռուս.` Расследовательская Журналистика: Глобальный и национальный опыт) ձեռնարկում հետեւյալ կերպ է սահմանվում՝ հետաքննական լրագրության նպատակն է հանրությանը ներկայացնել այն թաքնված խնդիրները, որոնք միտումնավոր քողարկվում են իշխանություն ունեցող անձանց կողմից կամ շղարշված են փաստերի և հանգամանքների քաոսային զանգվածի ներքո, որոնք խանգարում են դրանց ճիշտ ընկալմանը։ Այն  պահանջում է օգտագործել և՛ գաղտնի, և՛ բաց աղբյուրներ ու փաստաթղթեր։ Նիդերլանդա-ֆլամանդական հետաքննող լրագրողների VVOJ ասոցիացիան հետաքննական լրագրությունը սահմանում է որպես «քննադատական և խորքային լրագրություն»։ 

Իրականում, մի շարք լրագրողներ պնդում են, որ լրագրողական յուրաքանչյուր լուսաբանում հետաքննական լրագրություն է։ Այստեղ որոշակի ճշմարտություն կա․ հետաքննական լրագրության մեխանիզմները լայնորեն կիրառվում են իրադարձային լրագրողների կողմից, որոնք մշտապես ունեն վերջնաժամկետներ։ Բացի այդ, դրանք կիրառում են նաև հետաքննական թիմերի (I-team) անդամները, որոնք ունեն շաբաթներ նյութի վրա աշխատելու համար։ Այդուհանդերձ, հետաքննական լրագրությունն ավելի լայն հասկացություն է։ Այն մեթոդաբանությունների ամբողջություն է, որն արդեն արհեստ է, և երբեմն տարիներ են պահանջվում դրանում հմտանալու համար։ Երբ ուսումնասիրում ենք հետաքննական լրագրության այն պատմությունները, որոնք հեղինակավոր մրցանակների են արժանացել, հետազոտության և լուսաբանման բարձր չափանիշները, որոնց ձգտում է մասնագիտությունը, ակնհայտ է դառնում այն խորքային աշխատանքը, որ տարվել է կորսված հանրային միջոցների, իշխանության չարաշահումների, շրջակա միջավայրի վիճակի վատացման, առողջապահական ոլորտի սկանդալների բացահայտման համար։ 

Հետաքննական լրագրությունը չպետք է շփոթել, այսպես կոչված, «արտահոսքային լրագրության» (leak journalism) հետ, որոնք կայծակնային արագությամբ տարածվող նյութեր են՝ ձեռք բերված հիմնականում հենց իշխանավորների տրամադրած փաստաթղթերի արտահոսքի կամ հուշումների արդյունքում։ Իսկապես, զարգացող ժողովրդավարություններում, հետաքննական լրագրության սահմանումը շատ անորոշ կարող է լինել, և շատ հաճախ նյութերը ուղղակի կոչվում են հետաքննական, քանի որ քննադատական են կամ պարունակում են արտահոսած փաստաթղթերից տեղեկատվություն։ Հանցագործությունների կամ կոռուպցիայի մասին նյութերը, վերլուծությունները, երբեմն նույնիսկ բացահայտ տեսակետ արտահայտող հոդվածները, կարող են սխալմամբ որպես հետաքննական նյութ դիտարկվել։

Նախկին փորձառու դասընթացավարները նշում են, որ հետաքննական լրագրության լավագույն պրակտիկան կիրառում է մանրակրկիտ մեթոդաբանություն՝ էապես հիմնվելով առաջնային աղբյուրների վրա, ձևավորում և ստուգում է հիպոթեզներ, ինչպես նաև կատարում փաստերի մանրակրկիտ ստուգում։ Բառարանային բացատրության համաձայն՝ հետաքննությունը «համակարգված ուսումնասիրությունն» է, որը սովորաբար հնարավոր չէ իրականացնել մեկ կամ երկու օրում․ մանրակրկիտ հետաքննական ուսումնասիրությունը ժամանակ է պահանջում։ Մատնանշվում է հետաքննական լրագրության դերը նոր տեխնոլոգիաների առաջխաղացման և զարգացման գործում, ինչպես օրինակ՝ 1990-ականներին համակարգիչների ներգրավումը տվյալների վերլուծության և վիզուալացման համար։ «Հետաքննական լրագրությունը կարևոր է, քանի որ այն ուսուցանում է նոր հմտություններ, գործողություններ կատարելու նոր ձևեր»,- նշում է Իլինոյսի համալսարանից Բրենթ Հյուսթոնը, որը տարիներ շարունակ աշխատել է որպես «Հետաքննող լրագրողներ և խմբագիրներ» (Investigative Reporters and Editors) կազմակերպության գործադիր տնօրեն։ «Այդ հմտությունները դառնում են ամենօրյա լրագրողական աշխատանքի մաս։ Այդպիսով, դուք բարձրացնում եք ամբողջ մասնագիտության նշաձողը»։

Ինչպես տեղեկատվություն ստանալ սոցիալական ցանցերից․ Հենկ վան Էսսի խորհուրդները 

Սոցիալական մեդիան պարունակում է թաքնված տվյալների պաշարներ, որոնք երբեմն քողարկվում են միտումնավոր։ Ինչպե՞ս գտնել դրանք։ Բաց աղբյուրներով հետաքննությունների իրականացման մասնագետ Հենկ վան Էսսը մշակել է տասնյակ հնարքներ՝ սոցիալական ցանցերում անուղղակի տարբերակներով թաքնված տեղեկատվություն գտնելու համար, այդ թվում նաև իր ստեղծած որոնման հավելվածների միջոցով։ GIJN-ի (Հետաքննական լրագրության համաշխարհային ցանց) շրջանակներում կայացած «Հետաքննելով սոցիալական մեդիան» (Investigating Social Media) վեբինարի ընթացքում Վան Էսսն այս հնարքներից մի քանիսը ներկայացրել է 483 լրագրողի՝ 88 երկրից։ 

Ահա մի քանի խորհուրդ, որոնք Հենկն առաջարկում է սոցիալական ցանցերից տեղեկատվություն ստանալու համար. 

  • Որոնել «ով» և «որտեղ» Facebook-ում։ Փորձեք Facebook-ի նոր ինտերֆեյսի որոնման դաշտում փնտրել որևէ քաղաք և սեղմեք “people” (մարդիկ) բաժինը, որը հայտնվում է որոնման դաշտի տակ, իսկ այնուհետ համոզվեք, որ ճիշտ տեղանունն եք որոնել։ Դրա համար բացված ենթապատուհանում սեղմեք «city» (քաղաք) դաշտը և համոզվեք՝ արդյոք տվյալների բազայից ստացվել է անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ֆիլտրեք այդ ցանկը բանալի բառերի միջոցով։

  • Որոնել «ինչ» և «երբ» Facebook-ում։ Facebook-ը թույլ չի տալիս որոնել հստակ ամսաթվեր, իսկ «Who Posted What?» անվճար գործիքը, որի մշակմանը մասնակցել է նաև Վան Էսսը, հնարավորություն է տալիս լրագրողներին հստակ ամսաթվեր և թեմաներ որոնելով՝ գտնել հրապարակումներ և տեսանյութեր։ Այդ գործիքը թույլ է տալիս բանալի բառերի միջոցով իրականացնել որոնում, որոնք կայքում նշվել են կոնկրետ ինչ-որ օր, ամսին կամ տարեթվին։ Վան Էսսը նշում է, որ լրագրողները կարող են «Who Posted What?»-ում ստեղծված որոնման հղման «posts» բառը փոխարինել «videos» կամ «images» բառերով և որոնումն իրականացնել անհրաժեշտ պարամետրերով։ 
  • Ինչպես կատարել արագ որոնում։ Որպես դեպքի ուսումնասիրության օրինակ, Վան Էսսը ներկայացրեց 2020 թվականին տեղի ունեցած հրատապ մի լուրի համար կատարած իր որոնման արդյունքները։ Շվեյցարական Վո կանտոնի Ապլե (Apples) փոքրիկ գյուղում մահացած էր հայտնաբերվել բելգիական մի ընտանիք։ Ի՞նչ էր պատահել, և ովքե՞ր էին ներգրավված։ Որոնումը Վան Էսսը սկսեց երեք բառի պարզ համադրությամբ՝ Apples (գյուղի անունը), Vaud (կանտոնի անվանումը) և mort (մահացած բառի ֆրանսերեն համարժեքը, որը հավանաբար օգտագործվում է Շվեյցարիայի այդ շրջանում)։ Google-ի ալգորիթմը, սակայն, ջնջեց «Apples» բառը, և որոնումը ձախողվեց։ Վան Էսսը այդ երեք բառերից յուրաքանչյուրը վերցրեց չակերտների մեջ, որպեսզի ստիպի Google որոնման համակարգին գտնել բոլոր երեք բառերը միևնույն էջի վրա։ Արդյունքում որոնման համակարգը գտավ այդ դժբախտ պատահարի մասին կարճ հոդված, որը մի քանի աննշան տվյալներ էր պարունակում ընտանիքի մասին։ 
  • Մտածեք, թե ինչպես կարելի է նեղացնել Facebook-ում անունների որոնումը։ Բելգիական ընտանիքին գյուղի շվեյցարական ընտանիքներից առանձնացնելու համար Վան Էսսը Facebook-ում փորձարկումներ էր կատարել բելգիական ազգանուններում հաճախ հանդիպող «van» նախածանցի հետ։ Վեբինարի ժամանակ այս կամ այն տարածաշրջանի անուն/ազգանունների օրինաչափություններին անծանոթ լրագրողներին նա խորհուրդ տվեց պարզ որոնում իրականացնել Google-ում, օրինակ` փնտրելով բելգիական ազգանուններ։ 
  • Մի՛ վախեցեք URL կոդից։ Դուք կարող եք Facebook-ում որոնումը կարգավորել այնպես, որ այն միայն ցույց տա կոնկրետ քաղաքի մարդկանց, որոնց ազգանվան մեջ կա կոնկրետ բառ՝ այս պարագայում երկար URL տողի մեջ “q=” ֆունկցիայից հետո “apples” բառը “van” բառով փոխարինելով։ Այսպես Վան Էսսը կարողացավ գտնել տվյալ գյուղի մեկ այլ բելգիացի բնակչի, որը ևս երկու փաստ գիտեր` մահացած տղամարդու անունը և այն, որ նա «սիրում էր բասկետբոլ»։

  • Վան Էսսը նշեց, որ այժմ LinkedIn-ը տվյալների որոնման ավելի շատ հնարավորություններ է տալիս։ Microsoft ընկերության կողմից գնվելուց հետո LinkedIn-ը ավելի շատ հնարավորություններ է տալիս տվյալների որոնման համար։ Որոնման դաշտում ուղղակի գրելով մարդու անունը, «basketball» և «apples, vaud» բառերը՝ հնարավոր եղավ գտնել մահացած տղամարդու օգտահաշիվը և իմանալ նրա ամբողջական անունն ու մասնագիտությունը։ Այս պարզ քայլերն օգնել են լրագրողին` 15 րոպեում գտնելու այդ ողբերգության վերաբերյալ առկա տվյալները։
  • LinkedIn-ում փոքր բնակավայրերի որոնումը։ LinkedIn-ի որոնման դաշտում մուտքագրեք բնակավայրի անվանումը, այնուհետ՝ բացատ և չակերտների մեջ տարածաշրջանի անվանումը (oրինակ՝ Jane Smith “Paradise, California”): Վան Էսսը զգուշացրեց, որ LinkedIn-ում քաղաքի միջոցով որոնման հնարավորությունը շուտով կարող է անհասանելի դառնալ։ 
  • LinkedIn-ից դուրս գալ, հետո վերադառնալ ամբողջական անուններ գտնելու համար։ Եթե, օրինակ, օգտահաշիվը չունի անվանում և նշված է միայն «LinkedIn Member», դուք հնարավոր է կարողանաք գտնել նրա անունը՝ չակերտների մեջ գրելով տվյալ օգտատիրոջ օգտահաշվում նշված ընկերության անվանումը, քաղաքը և ավելացնելով երկրի LinkedIn հասցեն, օրինակ՝ site:in.linkedin.com՝ Հնդկաստանի պարագայում։ 
  • Ինչպես գտնել LinkedIn օգտահաշիվը էլեկտրոնային հասցեի միջոցով։ Outlook էլեկտրոնային փոստի օգտահաշվի միջոցով տվյալ էլեկտրոնային փոստի հասցեն ավելացրեք «New Contacts» բաժնում և ուղղակի սեղմեք LinkedIn-ի նշանի վրա։ Այսպես հնարավոր է շրջանցել որոնման որոշակի սահմանափակումներ ու խոչընդոտներ։ 
  • Արագ որոնում Instagram-ում։ Եթե սոցիալական ցանցերում ձեզ անհրաժեշտ է գտնել լուսանկար ինչ-որ իրադարձությունից, ապա Google-ում գտեք տվյալ իրադարձության հասցեն, այդ հասցեի միջոցով Instagram-ում գտեք գեոթեգերը (geotags), հետո այդ հղումը դրեք «Who Posted What?» գործիքի մեջ՝ իրադարձության ամսաթվի հետ։
  • Ինչպե՞ս գտնել ջնջված tweet-ները։ Բացի archive.org-ից և Google cache-ից, հայտնի անձանց հեռացրած tweet-ները հնարավոր է գտնել նաև Politwoops.com կայքում։ Վերջինս համաշխարհային քաղաքական գործիչների հեռացրած հրապարակումների տվյալների խոշոր բազա է։ 
Ռոուեն Ֆիլփը GIJN-ի լրագրողներից է։ Նախկինում Ռոուենը եղել է հարավաֆրիկյան Sunday Times-ի գլխավոր թղթակիցը։ Որպես արտասահմանյան թղթակից՝ նա լուսաբանել է աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներից՝ քաղաքականության, կոռուպցիայի և հակամարտությունների մասին։ 

Ինչպես արբանյակային պատկերներն օգտագործել հետաքննության համար

2017 թվականից ի վեր լրատվամիջոցներում առկա են հրապարակումներ այն մասին, որ Չինաստանը մեծ թվով մուսուլմանների է ուղարկում Սինծիանի շրջանում գտնվող վերադաստիարակչական ճամբարներ։ Այդ հրապարակումները, մեծ մասամբ, հիմնված էին ճամբարների նախկին բանտարկյալների հետ հարցազրույցների վրա։ Այդ երկրի նկատմամբ միջազգային ճնշման մեծացմանը զուգահեռ՝ Չինաստանը սկսեց ջնջել թեմային առնչվող փաստաթղթերը և էլեկտրոնային հետքերը, օրինակ՝ սոցիալական ցանցերի հրապարակումները։ Չինաստանի պես խիստ վերահսկվող երկրում նման պատմությունը կարող էր հեշտությամբ քողարկվել, եթե չլինեին արբանյակային պատկերները։ 

2018 թվականի հոկտեմբերի վերջին, բրիտանական BBC-ն և ավստրալական ABC-ն, հրապարակեցին միանգամից երկու հետաքննական հոդված, որոնք ոչ միայն նշում էին ճամբարների ճշգրիտ տեղանքը, այլև արբանյակային պատկերների միջոցով մանրամասն ապացուցում այդ ճամբարների ֆիզիկական գոյությունը։ Երկու դեպքում էլ հետաքննական թիմերն ակտիվորեն աշխատել էին քաղաքացիական ակտիվիստների և պատկերների վերլուծաբանների հետ՝ տարիներ շարունակ հավաքված նկարները ուսումնասիրելու և Սինծիանում տեղի ունեցող սարսափի մասին աշխարհին պատմելու համար։ 

Բացի այն, որ պատկերներն իրենք կարող են պատմություն դառնալ, շատ հաճախ դրանք օգնում են ստեղծել կորելյացիաներ՝ ավելի մեծ եզրահանգումներ անելու համար։ 

Եկեք դիտարկենք BBC-ի հետաքննությունը։ Երկիր մոլորակի տվյալների ուսումնասիրման մեջ մասնագիտացած GMV ընկերությունն օգնել է BBC-ին ուսումնասիրել Սինծիանում տեղակայված 101 կասկածելի օբյեկտ։ Նրանք չափել են նոր կառուցապատվող տարածքներն ու արդեն իսկ եղած տարածքների ընդլայնումները, ինչպես նաև նույնականացրել և համեմատել ճամբարներ հիշեցնող շենքերի ընդհանուր առանձնահատկությունները, ինչպիսիք են դիտակետերը և փշալարերով ցանկապատները։ Ուսումնասիրված շենքերից 44-ը, ըստ GMV-ի, մեծ հավանականությամբ եղել են բանտեր։  

Օգտվելով Դաբանչենի տարածքում առկա օբյեկտներից մեկի վերաբերյալ GMV-ի տրամադրած տվյալներից՝ BBC-ն խորհրդատվություն է վերցրել ավստրալական ընկերություններից մեկից, որը զբաղվում է բանտերի նախագծմամբ։ Արբանյակային պատկերների չափումների արդյունքում նրանք եզրակացրել են, որ այդ հաստատությունն առնվազն կարող էր տեղավորել մինչև 11 հազար ձերբակալվածի։ Սրանից հետևում է, որ այն կարող էր դասվել աշխարհի ամենամեծ բանտերի շարքին։ Եվ խոսքը միայն մեկ օբյեկտի մասին է: Հավանականությունը մեծ էր, որ 44 այդպիսի օբյեկտ օգտագործվում էր բանտի կարգավիճակով։

Վերոնշյալ հետաքննությունն արվել էր 2018 թվականի վերջին։ 2021 թվականին Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի (ASPI) «The Xinjiang Data Project»-ը, որը Կանբերայում տեղակայված վերլուծական կենտրոն է, կրկին օգտագործել է արբանյակային պատկերներ՝ որպես ապացույց այն բանի, որ 2019 և 2020 թվականներին ևս համակենտրոնացման ճամբարներ են կառուցվել Չինաստանի Սինծիան նահանգում։ Հետազոտողները նույնականացրել և քարտեզագրել են շուրջ 380 օբյեկտ, որոնք կամ նոր էին կառուցվել, կամ ընդլայնվել էին 2017 թվականից ի վեր։ Այդ օբյեկտներից առնվազն 61-ում շինարարական աշխատանքներ էին իրականացվել 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հուլիս ամիսները։ Ըստ ստացված վերջին պատկերների՝ առնվազն 14 օբյեկտ դեռևս գտնվում է կառուցման փուլում։ 

ASPI-ը պատկերներն օգտագործել է նաև ճամբարների յուրաքանչյուր մակարդակը 3D մոդելավորմամբ վերակառուցելու համար՝ սկսած անվտանգության ամենացածր մակարդակ ունեցողից (առաջին մակարդակ) մինչև ամենաբարձրը (չորրորդ մակարդակ)՝ ընդգծելով կառուցվածքային առանձնահատկությունները։ 

Արբանյակային պատկերների կիրառումը խորագրերում

Արբանյակային պատկերները, անշուշտ, կիրառվում են խորագրերում, քանի որ ժամանակի հետ զուգահեռ անփոխարինելի գործիք են դարձել լրագրողների համար։ Դրանք կիրառվում են փաստեր հայտնաբերելու կամ կարևոր իրադարձության ազդեցությունը չափելու, կլիմայական երևույթները կամ հակամարտության գոտիները լուսաբանելու համար։ Երևույթներին և օբյեկտներին անկողմնակալ և շարունակական խորաթափանցություն տալու համար խմբագրություններն այսօր լայնորեն կիրառում են արբանյակային պատկերները։  

Որպես օրինակ, 2019 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ Սաուդյան Արաբիայի նավթային մի քանի օբյեկտ համակարգված հարձակման ենթարկվեցին անօդաչու թռչող սարքերի կողմից, «Planet Labs Inc»-ը, գրեթե անմիջապես, հրապարակեց արբանյակային պատկեր։ Սա թերևս առաջին դեպքն էր, երբ The New York Times-ի առաջին էջի գլխագիր նկարն արբանյակային պատկեր էր։ 

Այնուամենայնիվ, պատկերները ոչ միայն ցնցող տեսողական էֆեկտներ ստանալու համար են, այլև մանրամասն պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս։ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ արբանյակային պատկերները արագ և ճշգրիտ տվյալներ էին տվել նավթային օբյեկտներին հասցված վնասի մասին։ Դրանք նաև կարող են խորքային պատկերացումներ տալ Երկիր մոլորակի վրա կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ, հատկապես նրանց, որոնք անտեսանելի են մարդու համար։

Աղետների վերահսկողություն

2020 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ամերիկյան Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում գրանցվել են պատմական մասշտաբների հրդեհներ։ Այդ անտառային հրդեհները խլել են տասնյակ մարդկային կյանքեր, այրել հազարավոր կառույցներ, խանձել միլիոնավոր ակր տարածություններ՝  դառնալով օդի ծայրահեղ աղտոտման պատճառ, որը սպառնում է միլիոնավոր բնակիչների առողջությանը։ Բացի այդ, հրդեհների պատճառով կենսաբանական մի շարք տեսակների և էկոհամակարգերի երկարաժամկետ վնասի ռիսկ է ծագել։ Սեպտեմբերի 9-ին արված արբանյակային պատկերները ցույց են տալիս Օրեգոնում անտառային հրդեհների պատճառած վնասները։ 

2020 թվականի օգոստոսի 17-ին Կալիֆոռնիայում սկսված մասշտաբային հրդեհը մարվել է նույն տարվա նոյեմբերի 12-ին։ NASA-ի Terra արբանյակի գործիքներից մեկը՝ բազմանկյուն պատկերման սպեկտրոռադիոմետրը (Multi-angle Imaging Spectroradiometer), ունի 9 տարբեր տեսախցիկներ, որոնք արբանյակի տարբեր անկյուններից ուղղված են Երկիր մոլորակի վրա։ Երբ օգոստոսի 31-ին Terra-ն անցել է օգոստոսյան մասշտաբային հրդեհների վրայով, նրա սենսորը տարբեր անկյուններից լուսանկարել է անտառային հրդեհների ծխի քուլաները։ Գործիքը մասնիկների՝ տարբեր անկյուններով և ալիքային երկարություններով սփռած լույսի հիման վրա նաև տվյալներ է հավաքել ծխի քուլաների մեջ եղած մասնիկների քանակի, չափի և լուսավորության մասին։

Այս տվյալները հետազոտողներին տեղեկություններ են տալիս անտառային հրդեհների ծխի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար, օրինակ՝ թե հրդեհները ինչպես կծավալվեն և ազդեցություն կունենան արդյոք օդի որակի վրա։ Օրինակ՝ օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի մասշտաբային հրդեհից առաջացած ծխի քուլաների հարավային հատվածները բաղկացած էին փոքր, սև մասնիկներից, որոնք հիմնականում արտանետվում էին այն ժամանակ, երբ հրդեհն ինտենսիվորեն այրվում էր։ Բայց երբ ծուխը սկսեց տարածվել քամու ուղղությամբ, մասնիկները սկսեցին ավելի մեծանալ և դառնալ լուսավոր, քանի որ հրդեհի արտանետած ջուրն ու մյուս գազերը, հավանաբար, խտացել էին մասնիկների մեջ։

2020 թվականի ամռանը հրդեհներն անդադար այրվել են Հյուսիսային բևեռային շրջանի շուրջ։ Սիբիրում հրդեհային ժամանակաշրջանը, որը սկսվել էր ապրիլին, գրանցել է ռեկորդային ջերմաստիճաններ՝ որոշ վայրերում գերազանցելով 30 աստիճան ցելսիուսը։ 2020 թվականի հուլիսի 21-ին NASA-ի Terra արբանյակը ֆիքսել է այն պատկերը, որը ցույց է տալիս Սիբիրի ողջ տարածքում հրդեհի արդյունքում առաջացած ավերածությունները։ 

Փոփոխությունների հայտնաբերում 

Վերջին երեք տասնամյակի ընթացքում Իրաքի ամենամեծ լճերից մի քանիսը ջրի մակարդակի տատանումներ են ունեցել, որը պայմանավորված է երաշտներով, ամբարտակների կառավարմամբ և շարունակվող խռովություններով ու քաղաքացիական պատերազմներով։ Մասնավորապես՝ Միլհ և Հաբանիյահ լճերը ջրի մակարդակի զգալի անկում են գրանցել։ Այժմ արբանյակային պատկերներից պարզ է դառնում, որ լճերի մակարդակը կրկին բարձրանում է։ 

Այսպես, կարմիր/նարնջագույն պատկերում Միլհ լիճն է 2018 թվականի օգոստոսի 16-ին, իսկ արդեն կանաչ երանգով արբանյակային պատկերում միևնույն լիճն է 2020 թվականի օգոստոսի 21-ին։ Կարմիր գույնը, հավանաբար, պայմանավորված է ջրիմուռներով և կարմիր պիգմենտներ ունեցող բակտերիաների առկայությամբ։ Պատկերներն արվել են NASA-ի Landsat 8 արբանյակի կողմից։ Ավելի հին պատկերները վկայում են, որ 2009 թվականից ի վեր լիճն այդքան լցված չի եղել։ 

Հրատապ լուրեր 

2019 թվականի հունիսի 22-ին Ճապոնիան Ռուսաստանին կապող անմարդաբնակ կղզիներից մեկում գտնվող հրաբուխը հանկարծակի արթնացավ։ Մոտ մեկ դար այն քնած էր։ Հրաբխի անսպասելի ակտիվությունն առաջին անգամ նկատեցին Միջազգային տիեզերական կայանի աստղագնացները։ 

Հասանելիություն անհասանելիին 

Աղետի գոտիներում, որտեղ մարդկանց անմիջական մուտքը հնարավոր չէ, արբանյակային պատկերները կարող են պատկերացում տալ վնասների վերաբերյալ կամ զգուշացնել դեպքերի գալիք վատագույն ընթացքի մասին։ Արբանյակային պատկերների միջոցով հնարավոր եղավ տեսնել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մահաբեր պայթյունի հետևանքները, որի արդյունքում շուրջ 300,000 մարդ անօթևան էր մնացել։ 

Անհասանելիին հասանելիություն ունենալու լավ օրինակ է Ֆուկուսիմա ատոմակայանի արբանյակային պատկերը, որը Maxar-ը (նախկինում՝ DigitalGlobe), 2011 թվականի մարտի 11-ին, արել էր ատոմակայանի երրորդ ռեակտորի պայթյունից երեք րոպե անց։ Սա դասական օրինակ է, երբ արբանյակային պատկերներն արագ կարող են տեղեկություն հաղորդել աղետի գոտիներից։ 

Հակամարտությունների լուսաբանում 

Արբանյակային պատկերները դարձել են հակամարտությունների լուսաբանման արդյունավետ գործիք: Իր վերջին հետաքննություններից մեկում Guardian-ը օգտագործել է ավիաթռիչքների տվյալների վերաբերյալ պատկերներ՝ բացահայտելու, որ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրություններն օգտագործում են ռազմական խոշոր բեռնատար ինքնաթիռներ Լիբիայում գտնվող ուժերին ապրանքներ և կործանիչներ մատակարարելու համար՝ բացահայտ կերպով խախտելով ՄԱԿ-ի զենքի էմբարգոն, հրահրելով պրոքսի պատերազմ և բարդացնելով քաղաքական որոշումների ընդունումը։ 

Հետաքննություններից զատ, արբանյակային պատկերները կարող են կիրառվել նաև առօրյա լրահոսում։ Օրինակ՝ 2020 թվականի հունիսին հիմալայան սահմանին խիստ սրվել էին Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները։ Planet-ի արբանյակային պատկերները, որոնք արվել էին հունիսի 15-ի գիշերը, բախումից 24 ժամ չանցած, ցույց են տալիս չինական կողմում առկա զանգվածային կուտակումները՝ չնայած հունիսի 6-ի դեէսկալացման համաձայնագրին: 

Չնայած սրանք տեղանքի վերաբերյալ առաջին վիզուալ տվյալներն էին, մի քանի օր անց, HawkEye 360-ի եզակի տեխնոլոգիան, որը տիեզերքում ռադիոհաճախականության վերլուծությունները համադրում է օպտիկական պատկերների հետ, ապացուցեց չինական զինուժի կուտակումների վերաբերյալ հնդկական կողմի մայիսի 22-ի պնդումները։ Իր վերլուծությունները համադրելով PlanetSkySat-ի պատկերների հետ, HawkEye 360-ը կարողացավ բացահայտել Գալվանի հովտում չինական կուտակումները, ներառյալ բեռնատար մեքենաները, վրաններն ու տեխնիկան։

2020 թվականի հունիսի 22-ին, Maxar-ի կողմից արված արբանյակային պատկերների շարքում, երևում են դեպի Գալվանի հովիտ նայող չինական նորակառույց շինություններ, որոնք բացակայում էին նախկինում արված լուսանկարներում։ 

Հանցագործություն և մաքսանենգություն 

Պաշտպանական հետազոտությունների միացյալ թագավորական ինստիտուտը (RUSI), որը համարվում է պաշտպանության և անվտանգության ոլորտներում Մեծ Բրիտանիայի առաջատար վերլուծական կենտրոնը, արբանյակային և բաց աղբյուրներում առկա տվյալների ուսումնասիրման ու դրանց միավորման միջոցով բացահայտեց Հյուսիսային Կորեայի ծովային, ապօրինի բեռնափոխադրման ցանցերը։ Իր վերջին զեկույցում, որը հրապարակվել է 2020 թվականի մարտի 5-ին, RUSI-ին օգտագործել է Հյուսիսային Կորեայի նավահանգիստների և Չժոուշան կղզիների վրա արված արբանյակային լուսանկարները, որոնք հաստատում են, որ նավերը կրում էին ԿԺԴՀ դրոշը և, խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը, բեռնվում ածխով և այլ ռեսուրսներով, մինչև չինական ջրային տարածք նավարկելը։

Սա, ըստ երևույթին, Չինաստանի հետ մշակված ծրագիր էր՝ խուսափելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ առկա պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրերի համար: 

Հետաքրքիր է, որ 2020 թվականի մարտին RUSI-ը հայտարարեց Հյուսիսային Կորեայի գլխավոր նավահանգիստներում նավերի աննախադեպ քանակի մասին, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ Փհենյանը նավերին հետ է կանչում COVID-19-ի բռնկման պատճառով։ 

COVID 19-ի հետքերով

Քանի որ COVID 19-ի պատճառով 2020 թվականի առաջին կեսին ողջ աշխարհը գտնվում էր կարանտինում, արդյունաբերական և շրջակա միջավայրի վրա կորոնավիրուսի համավարակի ունեցած ազդեցությունը գնահատելու գործընթացում արբանյակային տվյալների դերը կարևոր է եղել։ Այն լրագրողների համար առավել կիրառելի է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացում, քանի որ ճանապարհորդության սահմանափակումները և անվտանգության խնդիրները դժվարացնում էին իրադարձության տեղում լուսաբանումը։ 

Աղտոտում 

Աշխարհագրական տարբեր շրջաններում արբանյակային պատկերների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ աշխարհը գտնվում էր կարանտինի մեջ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էականորեն կրճատվել են աղտոտման ցուցանիշները։

Մատակարարման շղթա և արտադրություն 

Planet-ի արբանյակային պատկերները ցույց են տալիս Չինաստանի Տյանցզին քաղաքում գտնվող Volkswagen-ի արտադրամասի արտադրական հզորության տարբերությունը։ Ձախ լուսանկարում, որն արվել է 2019 թվականի մայիսի 1-ին, արտադրված մեքենաները զբաղեցնում են պատկերում առկա ողջ տարածքը, մինչդեռ 2020 թվականի մարտի լուսանկարում տարածքը միայն կիսով չափ է լցված, քանի որ արտադրությունը կանգնեցվել էր։ Ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն իր ազդեցությունն է ունեցել արտադրության վրա, ինչը պայմանավորված է ժամանակակից մատակարարման շղթայի գլոբալիզացիոն բարձր մակարդակով։ Հնարավոր է իրականացնել տարբեր ժամանակաշրջաններում արված արբանյակային պատկերների տեսողական համեմատություն՝ հասկանալու արտադրության վրա սպասվող ազդեցության մակարդակը։ 

Օդային և ծովային երթևեկություն

Ավիացիան արդյունաբերության այն ճյուղերից մեկն է, որը, սահմանների փակման և կարանտինային խիստ ռեժիմի պայմաններում, որոնք կային կորոնավիրուսի համավարակից ի վեր, ամենաշատն է տուժել։ Կորոնավիրուսի համավարակը լուրջ հարված է հասցրել նաև ծովային փոխադրումներին, քանի որ աշխարհի խոշոր նավահանգիստների մեծ մասը պարապուրդի էր մատնվել։ Թե՛ գործարար, թե՛ առօրյա ճանապարհորդությունների վրա կորոնավիրուսի համավարակի մեծ ազդեցությամբ պայմանավորված՝ արբանյակային պատկերները ցույց էին տալիս աշխարհի ամենածանրաբեռնված նավահանգիստներն ու օդանավակայանները՝ նմանված ուրվականների քաղաքների։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային առևտրի ընդհանուր ծավալների 80 տոկոսը փոխադրվում է ծովային ճանապարհով, հնարավոր է պատկերացնել, թե կորոնավիրուսի համավարակն ինչ ազդեցություն է ունեցել  համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ 

Ազդեցությունը տնտեսության վրա 

Արբանյակային տվյալները կարող են օգնել քանակական գնահատման ենթարկել կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն ծովային բեռնափոխադրումների, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ MarineTraffic-ի կողմից ապրիլին արված արբանյակային տվյալների այս վերլուծությունում կարմիր կետերն ամբողջությամբ բեռնված նավթատար նավեր են, որոնք ապրիլի 22-ին մնացել էին բաց ծովում՝ համաշխարհային պահանջարկի բացակայության պատճառով։ Բաց ծովում մնալու պատճառներից մեկն էլ նավահանգիստների շահագործման դադարեցումն էր։ 2020 թվականի ապրիլի 20-ին, ամերիկյան հում նավթի ֆյուչերսների գները առաջին անգամ դարձան բացասական՝ ընկնելով մինչև 300 տոկոս։ 

Հետաքննական լրագրություն 

Բացի նրանից, որ պատկերները կարող են դառնալ պատմություն, շատ հաճախ դրանք օգնում են ստեղծել կորելյացիաներ՝ առավել խոր եզրահանգում անելու համար։ Դուք կարող եք ունենալ տեղեկատվություն, բայց ձեզ անհրաժեշտ է նաև դրա հաստատումը։ Իսկ պատմություն ունենալու համար պետք է իրար կապել բոլոր ծայրերն ու բանալիները՝ հասկանալու ինչ, որտեղ և երբ։

Հարվարդի համալսարանի հետազոտական հոդվածներից մեկում հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային պատկերները համադրել են չինական Baidu որոնողական համակարգում հիվանդությունների հետ կապված բառերի որոնումների հետ՝ փորձելու պարզել՝ արդյո՞ք կորոնավիրուսը Չինաստանում սկսել է տարածվել ոչ թե դեկտեմբերին, այլ 2019 թվականի օգոստոսին։ Հետազոտությունը դեռ չի ենթարկվել փորձագիտական գնահատման, իսկ Պեկինը, բնականաբար, հերքել է մեղադրանքները։ 

Հարվարդի պրոֆեսոր, դոկտոր Ջոն Բրաունշթեյնը, որը գլխավորել է հետազոտական խմբի աշխատանքները, հայտարարել է, որ խումբը վերլուծել է արբանյակային կոմերցիոն պատկերները և նկատել հիվանդանոցային երթևեկության կտրուկ աճ Ուհանի հինգ գլխավոր բժշկական հաստատությունների մոտ՝ սկսած 2019 թվականի ամռան վերջից և աշնան սկզբից։ 

2018 թ․ հունվարի 9-ից մինչև 2020 թ․ ապրիլի 30-ը հետազոտողները հավաքել են Ուհանի 111 արբանյակային պատկեր (մի պատկերում՝ մի քանի տարածք), որի արդյունքում ունեցել են հիվանդանոցների ավտոկայանատեղիների օրական 140 առանձնացում և 117 առանձնացում՝ կառավարման երեք մեծ տարածքներից։ Նրանք նկատել են, որ 2018-2020 թթ․ ընթացքում առկա էր հիվանդանոցային զբաղվածության ընդհանուր աճի միտում, որը չափվում էր ավտոկայանատեղիի ծավալով։ 

Առանձին հիվանդանոցներ 2019 թվականի և՛ աշնանը, և՛ ձմռանը ունեցել են հարաբերական բարձր ծավալով զբաղվածության օրեր։ Այդուհանդերձ, 2019 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 6 հիվանդանոցից 5-ը ցույց է տվել վերլուծության ենթարկված շարքի ամենաբարձր հարաբերական օրական ծավալը: Սա համընկավ Baidu որոնողական համակարգում «փորլուծություն» և «հազ» բառերի որոնման մեծ քանակի հետ։ Երկու բառերի որոնումներ էլ մեծ աճ են գրանցել 2020 թվականի սկզբին՝ COVID-19-ի հաստատված դեպքերի բռնկումից մոտ երեք շաբաթ առաջ։ 

«Չնայած մենք չենք կարող հաստատել, որ ավելացած ծավալը ուղղակիորեն կապված է նոր վիրուսի հետ, մեզ մոտ առկա տվյալները հաստատվում են ապացույցներով, համաձայն որի՝ այդ իրավիճակն ի հայտ է եկել մինչև Հուանանի ծովամթերքի շուկայում վիրուսի նույնականացումը»,- նշվում է հետազոտության մեջ։ 

Ստորև ներկայացված է հետաքննական լրագրության մեջ արբանյակների օգտագործման ամենահայտնի դեպքերից մեկը։ Associated Press գործակալության Պուլիցերյան մրցանակի դափնեկիր պատմությունը հետաքննելիս, որը 2015 թվականին բացահայտեց մարդկային թրաֆիքինգի շղթա, օգտագործվել են DigitalGlobe-ի (այժմ՝ Maxar) տեսախցիկները։ Ամիսներ շարունակ Ինդոնեզիայում և Թայլանդում ու դրանց շուրջ ստրուկների թրաֆիքինգի հետքերի հետևից ապարդյուն պտտվելուց հետո՝ AP-ն DigitalGlobe-ին խնդրեց իր լավագույն WorldView 3 արբանյակն ուղղել բաց ծովի հատուկ նշանառված տարածքներից մեկի վրա։ Արբանյակը ֆիքսեց երկու տրաուլեր (ձկնորսանավի տեսակ), որոնք ստրուկների որսած ծովամթերքը բեռնում էին առևտրային բեռնանավի վրա։ Այս հետաքննության արդյունքում ստրկության մատնված ավելի քան 2,000 տղամարդ ազատ է արձակվել։ 

Արբանյակային տվյալների ազատ աղբյուրներ 

Չնայած յուրաքանչյուր արբանյակի տեղադրման և դրա գործարկման հետ կապված հսկայական ծախսերին՝ առկա են տվյալների մի քանի աղբյուրներ, որոնք անվճար են։ 

  • NASA-ի Landsat արբանյակի պատկերներն ազատ հասանելի են ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում: Այն ունի Երկրի մակերևույթի ամենաերկար անդադար տեսագրումը։
  • Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency) Copernicus տվյալների և տեղեկատվության ծառայությունները (Data and Information Services - DIAS) հասանելի են DIAS-ի կամ Տվյալների պայմանական հանգույցների (Conventional Data Hubs) միջոցով։ Ներկայում այն աշխարհում տիեզերական տվյալների ամենամեծ մատակարարն է՝ անվճար, ամբողջական և բաց մուտքի սկզբունքով:
  • Google Earth-ը տալիս է տվյալներին անխափան հասանելիություն, բայց ոչ բոլորն ունեն բարձր հստակություն։ Բացի այդ, կարող են առաջանալ նաև պատկերների համակցման խնդիրներ։
  • Արբանյակային պատկերների կոմերցիոն մատակարարները, օրինակ՝ Maxar-ը, Planet-ը, Airbus-ը և այլն, որոշ տվյալներ տրամադրում են անվճար, հատկապես աղետների ժամանակ կամ մարդասիրական նպատակների համար։ 

Բազմաթիվ լրագրողներ դեռևս այն կարծիքին են, որ պատկերները կիրառվում են միայն վիզուալացման համար, որպես պատմությունը ներկայացնելու վերջին փուլ, այն դեպքում, երբ դրանք իրականում կարող են ծառայել որպես առաջնային տվյալներ։ Բայց միևնույն ժամանակ, միշտ պետք է հիշել, որ պատկերները տվյալների միայն մի տեսակ են, այլ ոչ ինքնին պատմություն։ Յուրաքանչյուր պատկեր պետք է ուղեկցվի լուսաբանման ավանդական մեթոդներով և լայնածավալ հետազոտությամբ։ Աղետների կամ երևույթների ժամանակային փոփոխությունների պատմություններ ներկայացնելն ավելի հեշտ է։ Հետաքննական պատմությունների պատրաստումը կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել, և ոչ բոլոր հետաքննություններն են արդյունավետ։ 

Անուսույա Դատտան գրող, խմբագիր և մեկնաբան է, որը կենտրոնացած է տեխնոլոգիական նորարարությունների և դրանց կիրառումների վրա։ Նա Geospatial Media and Communications-ի տեխնոլոգիաների և նորարարությունների գլխավոր խմբագիրն է, որտեղ նախկինում աշխատել է որպես գործադիր խմբագիր։ Բնակվում է Կանադայում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter