
«Երեւանցին կասի իր խոսքն այնպես, ինչպես եղել է Գյումրիում, Վանաձորում, այլ քաղաքներում». Վիկտոր Մնացականյան
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն այսօր` սեպտեմբերի 17-ին, Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց քվեարկությանը։
Նա ընտրության էր եկել կնոջ, երեխաների, ծնողների եւ քրոջ հետ։
«Մենք քվեարկում ենք, որ Կենտրոնը դառնա մարդամոտ եւ համաչափ զարգացած քաղաք»,- ասաց նա։
Մնացականյանը նշեց, որ ավագանու կազմ անցնելու, սակայն քաղաքապետ չդառնալու դեպքում մանդատը վայր չի դնելու։ Նա ասաց, որ իր ուժը պատրաստ է կոալիցիա կազմել բոլոր առողջ ուժերի հետ` բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»։
«Ես հասկանում եմ այն երկու ուժերին, որոնք չեկան նախընտրական դեբատին։ Ստացվում է, որ բոլոր մասնակիցներն ասացին իրենց վերջին խոսքը, սակայն դրանից հետո Հանրայինը հրավիրեց Տիգրան Ավինյանին։ Սա կանոնների կոպիտ խախտում է եւ առաջին դեպքը չէ։ Կարծում ենք` երեւանցին այսօր կասի իր խոսքն այնպես, ինչպես եղել է, օրինակ, Գյումրիում, Վանաձորում, Հոկտեմբերյանում ու այլ քաղաքներում»,- նշեց Մնացականյանը։
Լիլիթ Գրիգորյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանող
Մեկնաբանել