HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն Շիրակի մարզի Արևիկ գյուղում

Սեպտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Արևիկ գյուղում առաջին անգամ կանցկացվի լավաշի փառատոն՝ «Լավաշի կախարդանքը» խորագրով: Նախագծի հեղինակն ու իրականացնողը «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամն է: Փառատոնի վայրը պատահական չի ընտրվել: Արևիկ գյուղը, հատկապես խորհրդային տարիներին, հայտնի է եղել իր հացթուխներով ու լավաշով: Ասում են՝ գաղտնիքը կարմրահատ ցորենի ու ջրի մեջ է եղել, ինչպես նաև՝ հացթուխ կանանց արհեստավարժության: Գյուղի կանայք գրեթե ամեն օր թոնիր են վառել, լավաշ թխել և ուղարկել Լենինականի շուկա՝ վաճառքի: Պատմում են, որ գյուղի ամենաառաջին հացթուխը, խորհրդային տարիներին, լավաշի վաճառքի եկամտով Երևանում տուն է գնել:

Շատ լավ հնարավորություն է փառաբանելու մի հացատեսակ, որ հայերը դարեդար կոչել են թագավորական։

2014թ․-ին լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: 

Փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

«Մենք որոշ առումով շրջանցել ենք փառատոններին բնորոշ ստանդարտները և շեշտն առավելապես դրել ինֆորմացիոն, հոգևոր-մշակութային հատվածի վրա: Սակայն դա չի նշանակում, թե եկողը չի կարողանալու բավարարել իր գաստրոճաշակը: Փառատոնը բացվելու է թատերականացված պար-բեմադրությամբ, հետո հյուրերը մոտ կես ժամ կվայելեն լավաշի մասին պատմող ներկայացում, որ պատվիրել ենք Գյումրու Մտորումների թատրոնին: Փառատոնի շրջանակներում նախատեսված է սթրիթ արտ՝ լավաշի թեմայով, կլինի բացօթյա նկարչություն և կավճանկարչություն՝ երեխաները կնկարեն իրենց պատկերացրած թոնիրը, լավաշն ու հացթուխին, հյուրերը հնարավորություն կունենան լավաշից պատրաստած ուտեստներ համտեսել, մասնակցել հացաթխման վարպետության դասի, հայկական ավանդական հոլով խաղալու մշակույթը վերհիշել, ծանոթանալ թաղիքագործության գաղտնիքներին և այլն»,- նշում է «Արդինի» հիմնադրամի տնօրեն և ծրագրի ղեկավար Երանուհի Սողոյանը:

«Արդինի» հիմնադրամը ցանկություն ունի փառատոնը դարձնել ամենամյա, վայրն անփոփող՝ Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայր: Հիմնական նպատակն է հանրահռչակել Արևիկ գյուղը, արևիկցի հացթուխներին ու Արևիկի լավաշը, ինչպես նաև վերականգնել հացաթխման ավանդական եղանակները Շիրակի մարզի գյուղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter