HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

«Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78 %-ի փոխարեն 12% մասնակցություն կունենայինք». Տիգրան Ավինյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանում կատարեց իր ընտրությունը։

Ավինյանը քվեարկելու էր եկել եղբոր, կնոջ եւ ավագ դստեր հետ. «Քվեարկել եմ Երեւանի շարունակական զարգացման, մեր եւ մեր երեխաների ավելի լավ ապագայի համար»:

Ավինյանի խոսքով՝ այն, որ մեկ բնակարանում գրանցված է 87 քաղաքացի (մեծ մասն օտարերկրացիներ են), իշխող ուժին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ մեղադրելու հիմք չի տալիս: Իր տեղեկությամբ՝ նրանք ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող խումբ են:

«Կարծում եմ՝ վերջում կարող եք տեսնել՝ տվյալ մարդկանց քանի տոկոսն է մասնակցել ընտրությանը: Եկեք մեղադրանքների տրամաբանական շղթան չկորցնենք: 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայեք ու այժմ: Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78%-ի փոխարեն 12 % մասնակցություն կունենայինք, բայց այդ ժամանակներն անցել են»,- նշեց նա:

Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն կրկին խուսափեց գնահատական տալ Արցախի հարցում ՔՊ-ի քաղաքականությանը, մասնավորապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն:

«Այս ընտրությունները Երեւանի մասին են, եւ ընտրողներին հետաքրքրում են քաղաքային խնդիրները: Բայց անվտանգային եւ Հայաստանի ինքնիշխանության հարցերը, սկսած 1991 թվականից, երբեւէ դուրս չեն եկել օրակարգից: Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամենեւին վախ ներշնչելու մասին չէր, սակայն այն ճշմարտությունների մասին խոսելը, որոնցով մենք ապրում ենք, շատ կարեւոր է»,- նշեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։

Ընտրությանը մասնակցում են հետեւյալ ուժերը՝

  1. «Հանրային ձայն» կուսակցություն
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն
  4. «Հաղթանակ» կուսակցություն
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն
  6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
  9. «Հանրապետություն» կուսակցություն
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն
  14. «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից)։

Լիլիթ Գրիգորյան

Հետք Մեդիա գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter