ՍԾՏՀ գագաթնաժողովում Աշոտ Հովակիմյանը պատասխանել է Ալիևի անհիմն մեղադրանքներին
Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:
Գագաթնաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա ընդգծեց անցած 20 տարվա ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը:
Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ նաև միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության և երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:
Ի պատասխան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների՝ Աշոտ Հովակիմյանն ասաց. «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի՝ այն պետք է մնա տնտեսական մանդատի և օրակարգի սահմաններում և չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:
Գագաթնաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը և ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել