HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վարդան Ղուկասյանը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ

Ոստիկանության նախկին աշխատակից, հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը, որը «Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավարն է, հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ։

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-32․57% կամ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»-18․89% կամ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք-15.43% կամ 12 մանդատ, «Հանրապետություն»-11.32% կամ 8 մանդատ և «Հանրային ձայն»-9,68% կամ 7 մանդատ: Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, միևնույն է, մյուս երեք քաղաքական ուժերի մանդատների հանրագումարը 1-ով ավելի է(32/33):

«Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը, հաշվի առնելով, որ «Հանրային ձայնի» դիրքորոշումը մեծ դեր է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրության հարցում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջերից մեկով ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի հետ պատրաստ է կոալիցիա կազմել, սակայն ունի իր պայմանները։

«Հանրային ձայն կուսակցությունն իմ դեմքով հայտարարում է, որ բացում է իր դռները բոլոր իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների նկատմամբ, ովքեր դեմ են այս իշխանություններին միանալու, կոալիցիա կազմելու։

Ես հասկանում եմ, որ հիմա գնալու է ամբիցիոզ քննարկում՝ ո՞վ է լինելու քաղաքապետը, ո՞վ, Արտակ Գալստյա՞ն, Հայկ Մարությա՞ն, թե՞ Անդրանիկ Թևանյան։ Ես գտնում եմ, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել։ Քննարկել ավելի շուտ դռնբաց։ Ես ուզում եմ, որ երևանցին, իմ ընտրողը և այս ընդդիմադիր կուսակցություններին ընտրողներն օնլայն նստեն և դիտեն այս երեք կուսակցության ղեկավարները՝ ես, Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը, ինչպես են ցանկանում կառավարել Երևանը։ Ես դողում եմ իմ յուրաքանաչյուր ձայնի վրա, և երևանցին պետք է տեսնի՝ ով ինչ պայման է տալիս, ով ինչ խաղեր է տալիս։

Ես ասում եմ, որ եթե գա մի պահ, որ ես զգամ, որ ոչ, երկու կողմերն ասում են՝ մենք չենք ուզում ձեզ մոտից քաղաքապետ, ես դրան էլ եմ համաձայն։ Բարի, եկեք որոշենք ձեզանից ով լինի քաղաքապետ։ Ձեզանից ցանկացածին ես կողմ եմ։  Բաց մեկ պայմանով։ Վերահսկողական բոլոր վարչությունները տրվելու են «Հանրային ձայնին»։ Դուք դառնում եք քաղաքապետ, վերահսկողական ապարատն անցնում է իմ կադրերին, այսինքն՝ ինձ»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter