Արմեն Գևորգյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է սոցիալական աջակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի և սոցիալական աջակցության ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:
Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի շրջանակում: Ի. Դրաբեկը գոհունակություն հայտնեց, որ մարզերում արդեն առանձնացվել են ինտեգրված ծառայությունների մատուցման կենտրոնների տարածքները: Նշվեց, որ Արարատի մարզում իրականացվում են կենտրոնների շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտելուն պես կմեկնարկի փորձնական ծրագիրը:
Ծրագրի հաջողության տեսակետից կարևորվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար գործառույթների մոդելի հստակեցման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կքննարկվի շահագրգիռ մարմինների հետ, որից հետո գործառույթների մոդելի վերաբերյալ վերջնականացված նախագիծը կհաստատվի կառավարության կողմից:
Զրուցակիցներն անդրադարձան նաև մարզերում ՀՍՆՀ-ի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետը նշեց, որ առկա է նաև կառավարություն-համայնք-ՀՍՆՀ համագործակցություն, և առավել խոշոր ծրագրերը հաճախ հնարավոր է լինում իրագործել համատեղ ուժերով:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել