
Ինչպես ասացիք, այնպես էլ կանենք․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները:
Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար:
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում:
Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին:
Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք: Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:
Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք:
Մեր նպատակը ձեզ ծառայելն է»:
Մեկնաբանել