HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղամանների ցուցահանդես՝ ՆԱՄ-ում

Հունիսի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ հայկական աղամանների ցուցահանդեսի բացումը:

Աշխատանքների հեղինակները  երեխաներն են` «Տերրակոտտա» մանկական խմբի սաները: Խմբի գեղարվեստական  ղեկավարն է Նանա Մանուչարյանը:

Բացման խոսքում  Ն. Մանուչարյանը շեշտեց փաստը, որ իրենք չեն պատրաստում շուկայական նմուշներ: «Սիրելի երեխաներ, այս աշխատանքներից յուրաքանչյուրն ունեն ձեզնից մի մաս, եւ նրանք այլեւս չեն կրկնվում»,- ասաց նա` նշելով, որ այս ցուցահանդեսի նպատակը նաեւ երեխաներին ոգեշնչելն է, որպեսզի  սեպտեմբերից սկսած նրանք ավելի ոգեւորված սկսեն աշխատել, ստեղծագործել:

Նանայի խոսքերով՝ տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ ամեն կողմից նոր ինֆորմացիա ենք ստանում, մեր ուղեղում առաջանում է մշակութային քաոս,  ուստի այս պարագայում շատ կարեւոր է, որ մենք նախ մերը ճանաչենք, մեր մշակույթը, որից հետո էլ կկարողանանք ճանաչել մյուսներինը:

Այս իմաստով աղամանները կարեւոր նշանակություն ունեն.  «Կանացի կերպարներով աղամաններ միայն Հայաստանի տարածաշրջանում են պատրաստում, սա տիպիկ հայկական է»,- նշեց Նանան` շնորհակալություն հայտնելով ՆԱՄ-ին ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար:

Իր հերթին ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը նշեց, որ  ուրախ է ՆԱՄ-ում այսքան տաղանդավոր երեխաների աշխատանքներ տեսնել:

Նա երեխաներին որպես օրվա հուշ Հովհաննես Թումանյանի ծոռան՝ Ռուբեն Քանքանյանի  կողմից նկարազարդված օրացույցներ նվիրեց, իսկ Նանային՝ ՆԱՄ խորհրդանշական նվերներից նուռն ու Հ. Թումանյանի մանկական բանաստեղծությունների գիրքը՝ դարձյալ Ռուբեն Քանքանյանի  նկարազարդմամբ:

Ցուցահանդեսին մասնակցում են 6-14 տարեկան 20 երեխա:

«Սա «Հռիփսիմեն» է: Նա շատ նման է իմ հայրիկի տատիկին. նրա նման ուրախ է, աշխատասեր»,- բացատրում է 11-ամյա Լուսին Հարությունյանը:  

Իսկ ահա 14-ամյա Ադրա Խաչատուրյանն իր աղամանը «Մարե» է կոչել:  Աղամանն` ինչպես մայր. «Հղի կին է, կյանք կա մեջը»,- մեկնաբանում է նա:

Խմբի ամենափոքրիկ անդամներից 6-ամյա Սոֆյան էլ «Լիլիթ» է կոչել իր աղամանը:

«Սրբուհի», «Նաիրի», «Հրարփի», «Հոռոմ», «Անի», «Անահիտ»... Երեխաների կողմից ստեղծված կանացի հայ կերպարներով աղամանների ցուցահանդեսը կարող եք դիտել Նարեկացի արվեստի միությունում մինչև հուլիսի 2-ը:

Հ.Գ. «Տերրակոտտա» մանկական խմբակն այս պահին ունի տարածքի եւ վառարանի խնդիր: Խմբակին այս հարցում օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 84 04 25 հեռախոսահամարով:

Մարիամ Մուղդուսյան

«Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter