
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները
Ռազմական էսկալացիան չպետք է Արցախի բնակչության հարկադրված արտագաղթի պատճառ դառնա։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է տեղի բնակչության հարկադրված արտագաղթի պատճառ դառնա։
Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բոլոր կողմերի իրական պատրաստակամությունն է պահանջվում՝ աշխատելու բանակցությունների արդյունքների ուղղությամբ: ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը հեշտացնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Xinhua / Alamy Stock Photo
Մեկնաբանել