HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պահանջում ենք՝ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի». Սերգեյ Ղազարյան

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանություն է տվել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև. 

«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշված է ԱԳ նախարարի հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter