
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Մեկնաբանել