
Շոշից տեղահանավածներին բերել են Ստեփանակերտի ապաստարաններից մեկը
«Հետքի» թղթակից Ալյոնա Հայրապետյանը, որը գտնվում է Ստեփանակերտի ապաստարաններից մեկում, հաղորդում է, որ ապաստարան են բերվել Արցախի Շոշ գյուղից տեղահանվածները։ Շոշը Շուշիի դիրքերից ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է, սեպտեմբերի 19-ին, ժամը 13:15-ի սահմաններում Ադրբեջանը հարվածել է նաև Շոշին։
Ըստ Ստեփանակերտի մեր թղթակցի, տարհանել են նաեւ Մխիթարաշենի բնակիչներին։
Տեղահանվածներից ոմանք իրենց հետ հաց են վերցրել, ու ապաստարանում երեխաներին ցամաք հաց են տալիս։
Շոշեցիների խոսքով՝ 4 վիրավոր են ունեցել։ Բուժքույրը տեղում մշակել է վերքերը։ Վիրավորվածների մեջ 15 տարեկան տղա կա։ Ապաստարան մտնելու ճանապարհին նա վիրավորվել է բեկորներից։
Շոշի բնակիչները մեր թղթակցին ասել են, որ գյուղը ուժեղ ռմբակոծել են, 4 ժամ անընդմեջ կրակել։ Հարվածել են նաեւ դպրոցին։ Երեխաների մի մասը դպրոցից տուն էր գնում այդ ժամանակ։
Երեկոյան կողմ բեռնատարով կազմակերպվել է մարդկանց տարհանումը։
Ըստ որոշ գյուղացիների՝ բեռնատարը ռուսներն են բերել, ոմանց ասելով էլ՝ գյուղի բեռնատարներից մեկով գնացել են ռուսների մոտ, որոշ ժամանակ նրանց մոտ սպասել, հետո մեքենան ստուգել են ու բաց թողել Ստեփանակերտ։
Մեկնաբանել