HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն Եվլախում

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն Եվլախում։ Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:

Ըստ ռուսական կողմի առաջարկի՝ 2023թ․ սետպեմբերի 20-ին 13։00-ից սկսած ուժի մեջ կմտնի ամբողջական հրադադարը։ Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումները դուրս կգան ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերից (չնայած ՀՀ-ն պնդել է, որ Արցախում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան, խմբ․): Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ կլուծարվի և կզինաթափվի, իսկ ռամզական տեխնիկան դուրս կբերվի Ղարաբաղից և շուտափույթ կոչնչացվի։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter