
Հանրային խոսույթում արտահայտված է անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ անհանդուրժողականության քարոզչությունը։
Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից։
Առանցքային է, որպեսզի պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։
Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։
Մեկնաբանել