
Դատավոր. «պոչիկներով լակոտներ» ասելով՝ ոստիկանապետն ի՞նչ է նկատի ունեցել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով դատական նիստն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Հիշեցնենք, որ հայցվորի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2011թ.-ի հոկտեմբերի 17-ին hraparak.am կայքէջում «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածում և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում այն ժամանակվա պաշտպանության փոխնախարար, ներկայումս Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները: Ըստ հայցվորի՝ այդ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն, որոնք վնաս են հասցնում կազմակերպության գործարար համբավին: Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և նրանից բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Նախորդ նիստին հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանին ներկայացրել է իր դիրքորոշումը, բայց պատասխանողին իր դիրքորոշումն արտահայտելու համար ժամանակը չբավականացնելու պատճառով դատարանը նիստը հետաձգել էր:
Այսօրվա նիստին Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատարանին ներկայացրեց պատասխանողի դիրքորոշումն առ այն, որ ամբողջությամբ հերքում է հայցվորի պահանջը: Ա. Զոհրաբյանն անձրադարձավ այն հանգամանքին, որ ոչ առևտրային-հասարակական կազմակերպություն հանդիսացող հայցվորը չունի և չի կարող ունենալ գործարար համբավ: Ըստ պատասխանողի՝ հայցվորը կարող է ունենալ բարի համբավ:
Հայցադիմումում Վ.Գրիգորյանը խնդրել է դատարանին հայցադիմումը համարել ներկայացված հայցային վաղեմության ժամկետի սահմաններում, քանի որ առաջին անգամ հայցվորը հայցադիմում է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարան 2011թ.-ի նոյեմբերի 17-ին՝ նշելով պատասխանողի՝ իրեն հայտնի բնակության վայրի հասցեն: Սակայն սույն գործը վերադարձվել է: Պատկան մարմինների կողմից պատասխանողի հասցեն հայտնելու գործում համագործակցության լիակատար բացակայության պայմաններում՝ հայցվորը 2011թ.-ի դեկտեմբերի 12-ին հայցադիմում է ներկայացրել պատասխանողի աշխատավայրի հասցեով:
Ա. Զոհրաբյանը նշում է, որ Արաբկիրի դատարանը հայցադիմումը վերադարձրել է, եւ համապատասխան որոշումից հետևում է, որ հայցվորը նշել է պատասխանողի բնակության հասցեն՝ Դավթաշենի տարածքում, սակայն դիմել է ոչ այդ տարածքը սպասարկող դատարանին: Ըստ պատասխանողի՝ հայցվորն այդ որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում չի դիմել համապատասխան դատարան և խախտել է Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածով նախատեսվող զրպարտության մասին հայտնի դառնալու պահից դատարան դիմելու մեկ ամսվա ժամկետը:
Վ. Գրիգորյանը իր հայցադիմումում խնդրել է դատարանին պարտավորեցնել պատասխանողին հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, որոնք են.
«20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
«Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է՝ ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի»:
Ա. Զոհրաբյանը, հղում կատարելով Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածին, առ այն, որ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, նշում է, որ հայցվորի կողմից ներկայացված 2011թ.-ի նոյեմբերի 22-ի՝ news.am կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը ներել է իրեն դատի տված Արթուր Սաքունցին» վերտառությամբ հոդվածը չի կարող այդպիսի ապացույց հանդիսանալ: Ըստ փաստաբանի՝ հոդվածում խոսքը Վ. Գասպարյանի դեմ հայց ներկայացրած Արթուր Սաքունցին ներել կամ չներելու մասին է, քանի որ հայցվոր կազմակերպության ղեկավարը հենց Սաքունցն է, հետևաբար Վ. Գասպարյանը պետք է ներելու մասին խոսեր Ա. Սաքունցի վերաբերյալ:
Ըստ Ա. Զոհրաբյանի՝ Վ.Գասպարյանը «20 տարեկան պոչիկներով լակոտներ», ինչպես նաև «չորսոտանիներ» ասել է ՀՀ պաշտպանության նախարարին վիրավորանք հասցրած անձանց և ոչ թե հայցվորին կամ Հելսինկյան կազմակերպություններին կամ ակցիայի մասնակիցներին կամ զոհված զինվորների ծնողներին:
Ա. Զոհրաբյանը, անդրադառնալով «Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է՝ ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի» արտահայտությանը, նշում է, որ Վ. Գասպարյանը քննադատել է բացասական երևույթները և ոչ թե կոնկրետ անձանց:
Վ. Գրիգորյանի այն հարցին, թե Վ. Գասպարյանն իր արտահայտություններում արդյոք նկատի՞ է ունեցել հայցվորին, Ա. Զոհրաբյանի կողմից չհնչեց հստակ «այո» կամ «ոչ», այլ այն, որ Վ. Գասպարյանը նկատի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին վիրավորանք հասցրած անձանց: Ա. Զոհրաբյանը նշեց նաեւ, որ հայցվորը պետք է ապացուցի, որ այդ արտահայտությունները հայցվորին են ուղղված եղել, այլ ոչ թե պատասխանողը:
Դատավոր Ա. Սուքոյանը ցանկացավ կողմից ճշտել, թե «պոչիկներով լակոտներ» արտահայտությունն անելով, «պոչիկներով» ասելով՝ Վ. Գասպարյանը ի՞նչ է նկատի ունեցել, սակայն պատասխան չստացավ: Այնուհետև Վ. Գրիգորյանը դատարանին հստակեցրեց հայցվորի պահանջն առ այն, որ հայցվորը զրպարտություն է համարում ոչ թե այն, որ «20 տարեկան պոչիկներով լակոտներ» է բերել հայցվորը, այլ այն հանգամանքը, որ հայցվորի կողմից բերված վերոնշյալ անձինք, ըստ Վ. Գասպարյանի, ՀՀ պաշտպանության նախարարին վիրավորանք են հասցրել:
Այսքանով գործի քննությունն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հուլիսի 11-ը:
Մեկնաբանել