HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մեր պլան «Ա»-ն ԼՂ-ն հայաթափելը չէ». Նիկոլ Փաշինյան

«Պետք է արձանագրել, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հումանիտար ճգնաժամը շարունակվում է, մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել՝ այնուամենայնիվ, իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, և դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փսշինյանը հայտնեց Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում։

Վարչապետը ներկայացրեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է՝ դրական զարգացումների հույսեր կան։

«Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։ Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, այսինքն՝ էն տեղեկությունը, որ մենք ունենք էս պահին, կես ժամից կարող է փոխվել։ Բայց շատ կարևոր է՝ մենք ամեն պահին ունենանք ճշտված տեղեկություն, էս պահի մասին նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։

«Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը պետք է այս պահին մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ, չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց Փաշինյանը՝ խնդրելով հաշվի առնել՝ խոսքը դինամիկ գործընթացի մասին է։

Վարչապետը ևս մեկ անգամ պարզաբանեց Հայաստանի իշխանության դիրքորոշումը կապած ԼՂ բնակիչների՝ Հայաստանի Հանրապետություն հնարավոր տեղափոխման հետ։

«Մենք գնահատում ենք, որ սա տեղի կուենենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, էս իրավիճակը շարունակվի։ Մենք գնահատում ենք, որ այս պահին կա, այդ անհնարինությունը առկա է։ Եթե իրավիճակը չբարելավվի, էդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, ինքը հանձնարարական է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի Կառավարության գործընկերների հետ քննարկի դեպի ՀՀ հնարավոր մարդկանց հոսքի դեպքում, թե ինչպես, ինչով և որտեղ ենք աջակցություն ցուցաբերելու։

«Ավելի քան 40 000 տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն։ Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա, ըստ էության, համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան «Ա»-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան «Ա»-ն չէ։

Մեր գործողություններում պիտի ամեն ինչ անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարվորությոյւն ունենան։

Ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում երեկ տեղի ունեցած քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս, հենց դրա մասին էր, և էս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև արձանագրեց, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում. «Այս առումով կարծում եմ, որ մենք առավել ուշադիր պետք է  լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունն առավել ակտիվ պետք է պահենք, և շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը։ Ինչ որ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, վերստուգենք, հետո հրապարակենք»։

Անդրադառնալով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքին՝ Փաշինյանը նշեց, որ իր գնահատականն այսօր մի փոքր ավելի դրական իմաստով բարելավվել է, և որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա։

«Բայց պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել։ Չնայած այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն տալիս են։

Դա չի վերաբերում նրան, որ որևէ տեղում որևէ միջադեպ չի կարող տեղի ունենալ, խոսքը ընդհանուր առմամբ իրադրության գնահատկանի մասին է»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter