HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճը թուլացել է. ԿԲ-ն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի կենտրոնական բանկը այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝  0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %։  

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Գլխավոր դրամատունը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում բարձր գնաճ կամ գնաճային ռիսկեր են գրանցվում:

Տոկոսադրույքի բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը: Սպառման նվազումն էլ կարող է զսպել գնաճը։

Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով՝ Հայաստանում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ 0.2% գնանկում է գրանցվել։ 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ գնաճի տեմպերի նվազումն ու արդեն օգոստոսին գրանցված գնանկումը, ի թիվս այլ գործոնների, ԿԲ-ին թույլ են տվել իջեցնել տոկոսադրույքը։ 

«Համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են: Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահը։ 

ԿԲ-ն այս տարվա ընթացքում երրորդ անգամ է իջեցնում տոկոսադրույքը։ 

«Մենք զգում ենք, որ այն գործը, որը մենք իրականացրել ենք, տալիս է իր արդյունքները։ Որոշակի ռիսկեր դեռևս պահպանվում են գնաճի հնարավոր զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես, մենք ունենք կոշտ գների որոշակի ապրանքախումբ, որոնց որոշակի աճի միտումը դեռևս կա»,- ասել է ԿԲ նախագահը։ 

2023 թվականին համար  7.2% տնտեսական աճ է կանխատեսվում

Կենտրոնական բանկը վերանայել է 2023 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը`  6.9%-ից բարձրացնելով 7.2%-ի։

Ըստ Մարտին Գալստյանի՝ բարձրացումը հիմնականում պայմանավորված ծառայությունների և շինարարության ոլորտների բարձր աճի տեմպերով։ 

Գալստյանը վստահ է, որ դա «չափազանց լավ տնտեսական աճ է»:

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է նա այդ աճը համարում «չափազանց լավ աճ», երբ օրինակ, արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում, գլխավոր դրամատան նախագահը այս անգամ շեշտադրեց տնտեսության երկու ճյուղերում գրանցվող դրական միտումները՝  ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ 

Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներն ավելի մեծ տեմպով են աճում 

Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում (2023 հունվար-հունիս) ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան բանկերի միջոցով 2 մլրդ 925 մլն դոլար են փոխանցել։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տրանսֆերտները աճել են 1 մլրդ 55 մլն դոլարով կամ 56%-ով։

Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտասահման է փոխնացվել 2 մլրդ 27 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 2.3  անգամ կամ  1 մլրդ 151 մլն դոլարով։ 

Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարներն ավելացել են մոտ 144 մլն դոլարով, իսկ դեպի ԱՄՆ՝ 90 մլն դոլարով։ Այլ խոսքով՝ տրանսֆերտների արտահոսքի աճը չենք կարող պայմանավորել դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ փոխանցումներով։ 

«Եթե նայենք Հայաստանի տնտեսության վրա տրանսֆերտների ազդեցությունը տասը տարի առաջ և հիմա, իրենց մեծությամբ և ազդեցության չափով տրանսֆերտների տեսակարար կշիռը և ազդեցությունը էապես նվազել է։ Իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներով, որովհետև տրանսֆերտները հիմնականում գալիս են Ռուսաստանից։ Ի՞նչ տեղի կունենա  ապագայում. կարծում եմ՝ մեկ ակնհայտ և բազային սցենար դնելով՝ սխալվելու շատ մեծ հավանականություն կարող ենք ունենալ»,- ասաց ԿԲ նախագահը։ 

Նա չմանրամասնեց, թե տրանսֆերտների արտահոսքի աճը կոնկրետ որ երկրներով է պայմանավորված։ Միայն նշեց, որ դրանում կարող է ներմուծման և արտահանման ծավալների աճը ազդեցություն թողած լինի։  Մյուս գործոնը կարող է պայմանավորված լինել Հնդկաստանից Հայաստան աշխատուժի ներհոսքով։  Հայաստան եկող Հնդկաստանի քաղաքացիները, այստեղ աշխատելով, գումարներ են ուղարկում Հնդկաստան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter