HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Մուքոյան

Էկոլոգիական մաֆիա

Հայաստանում 90-ական թթ.-ից ի վեր կատարված «էկոլոգիական թալանը» տարեկան հասնում է 50 մլն դոլարի:

Հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Բացահայտում առաջին

«Հայաստանի բնական ռեսուրսների թալանը համեմատելի է էներգետիկ մաֆիայի թալանի հետ»,- 2001 թ-ի մայիսի 18-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության բնական ռեսուրսների կառավարման ոլորտով զբաղվող փոխնախարար Վանյա Մխիթարյանը: Իր ուսումնասիրությունների արդյունքում փոխնախարարը պարզել էր, որ Հայաստանում 90-ական թթ.-ից ի վեր կատարված «էկոլոգիական թալանը» հասնում է մոտ 50 մլն դոլարի, չկա բնական ռեսուրսների կառավարում, վտանգված է երկրի էկոլոգիական անվտանգությունը: Ոլորտում տիրող անարխիայից, թալանից, անօրինականությունից կառավարությունը ոչ միայն անտեղյակ է, այլեւ` մասնակից: «Բնական ռեսուրսների ոլորտում ավելի մեծ գումարներ են գրպանվում, քան էներգետիկ ոլորտում»,- հայտարարում էր նա: Վ. Մխիթարյանը, բնականաբար, իբրեւ լուծում պահանջում էր կառավարության հրաժարականը (թեեւ շուտով ինքը հրաժարական տվեց), նաեւ` ստեղծել բնական ռեսուրսների կառավարման կենտրոնացված համակարգ, վարչապետին կամ կառավարությանը կից բնական ռեսուրսների հիմնահարցերի հանձնաժողով ու բնական ռեսուրսների ազգային ծրագիր:

Նախկին փոխնախարարի սենսացիոն հայտարարություններով, կարելի է ասել, սկսվեց էկոլոգիական ոլորտում բացահայտումների շղթան, որը շարունակվում է մինչ օրս:

Բացահայտում երկրորդ

Հունիսի 13-ին ՀՀ Արդյունաբերության ու առեւտրի նախարարի խորհրդական Ստեփան Բաբայանը հրապարակեց փաստեր արդեն կոնկրետ մի ոլորտի` ոչ մետաղական հանքերի (քար, ավազ եւ այլն) շահագործման ու շինանյութերի արտադրության վերաբերյալ: Այստեղի ստվերային շրջանառությունը նա գնահատում էր տարեկան մինչեւ 28-40 մլն դոլար: Նա պարզել էր, որ ոչ մետաղական հանքերի «վայրենի շահագործման» արդյունքում հանքավայրերի օգտակար հանածոների մոտ 90 տոկոսը դառնում է թափոն: Ինչ վերաբերում է շահագործողներին, ապա դրանց միայն 25-30 տոկոսն է աշխատում օրինական դաշտում: Իր ուսումնասիրությունների արդյունքում Ս. Բաբայանը հայտարարեց, որ քարհանքերի արդյունահանումն ու շինանյութերի ստացումը հանրապետության ամենակլանայնացված ոլորտներից է: Առաջարկում էր բյուջեից համապատասխան գումարներ հատկացնել( մոտ 20 մլն դրամ) արդյունաբերության ու առեւտրի նախարարության երկրաբանական հետազոտությունների ու մարկշեյդերական չափումների վարչությանը, որպեսզի հանքերի մասնագիտական չափագրող այդ մարմինը տարեկան երկու անգամ` տարեսկզբին ու տարեվերջին չափի օգտակար հանածոների շարժը:

Բացահայտում երրորդ

Հուլիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանով արեց ոչ պակաս սենսացիոն հայտարարություններ ու հաջորդ օրը գնաց «արձակուրդ», բայց` մշտական: Իր պաշտոնավարության 9 ամիսների ընթացքում լուռ մնացած նախարարը հանկարծ պաշտոնից ազատվելուց հետո սկսեց հրապարակավ հայտարարել, որ իր իսկ ղեկավարած համակարգում գոյություն ունի մաֆիա, («իմ ազատման պատվեր տվողը մաֆիան է»,- ասում է նա հարցազրույցում), եւ դա ապացուցելու համար ունի հիմքեր, այդ թվում` մի քանի խոշոր չարաշահուների մասին փաստեր: Նույնիսկ որոշ անուններ հրապարակեց, մասնավորապես, բնապահպանության ընդերքի գծով փոխնախարար Կորյուն Հակոբյանի անունը (ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի եղբայրը), որի ազատման վերաբերյալ դիմել էր վարչապետին, սակայն բացասական պատասխան ստացել: Մի քանի օր անց նախկին նախարարը «Ազգ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստվում է հրավիրել մամուլի ասուլիս ու հրապարակել իր ձեռքի տակ եղած փաստերը, «այն անուն առ անուն 20-25 մարդու ցուցակը, որոնցից եթե էս երկիրը չազատվի, երկիր չի դառնա»: «Կգա ժամանակը ու ես կասեմ, թե ո՞վ է գլուխգործոցը դատախազությունում, ով` կառավարությունում»,-խոստանում էր Մուրադյանը: Բայց այդպես էլ իր խոստումը չկատարեց, քանի որ լքեց Հայաստանը: Այդ ժամանակ հրապարակի վրա էր ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության «բնապահպանական վարկածը», ըստ որի սպանությունն անմիջականորեն կապվում էր բնապահպանության ոլորտում կատարած ստուգումների ու բացահայտած չարաշահումների հետ: Գործի նախաքննության ընթացքում ձերբակալվեցին բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության պետ Վարդան Ղարագյոզյանն ու նախարարության ձեռնարկություններից մեկի` «Կոլչեդան» ՊՓԲԸ-ի նախագահ Սամվել Մկրտչյանը, որոնք նշանակվել էին Մուրադյանի օրոք: Բայց շուտով նրանք ազատ արձակվեցին:

Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները

«Ազգ»-ին տված հարցազրույցում (27.07.01) Մուրադ Մուրադյանը ասում էր, որ «էկոլոգիական մաֆիայի» գոյության մասին ժամանակին տեղեկացրել է ՀՀ վարչապետին ու նախագահին: Առաջինը, նրա պնդմամբ, իմանալով այդ մասին, լռել է, իսկ երկրորդը հանձնարարել է իր վերահսկողական ծառայությանը զբաղվել խնդրով, բայց, Մուրադյանի բնորոշմամբ` «վերահսկողական ծառայությունը նոկաուտի մեջ է»: Մուրադյանը կարծես թե սխալվել էր «նոկաուտի» հարցում:

Հունիսի 13-ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տարածեց մի հաղորդագրություն, որում տեղեկացվում է ընդերքի օգտագործման ոլորտում տիրող վիճակի հարցով նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության մասին: Այստեղ հրապարակվել են նախագահի վերահսկողական ծառայության (ՎԾ) կատարած ուսումնասիրությունների արդյունքները` հանքավայրերի մեծ մասի ապօրինի շահագործում, մեծ տոկոս կազմող ստվերային շրջանառություն, պաշարների արդյունահանման ու իրացման մասին տեղեկատվության բացակայություն, արտոնագրերի հետ կապված լուրջ խնդիրներ եւ վերջապես` բյուջե չմուտքագրված (ող) հսկայական գումարներ: Նույն օրը նախագահը հանձնարարեց գլխավոր դատախազությանը ստուգել ուսումնասիրության արդյունքում արձանագրված փաստերը եւ խստագույնս պատժել մեղավորներին: Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ ու զբաղվել իրավիճակն ուսումնասիրելով ու շտկելով:

Վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները, փաստորեն, սկսվել էին շատ ավելի վաղ` այս տարեսկզբին: «Ուսումնասիրելով ոլորտը այնպիսի տպավորություն ստացանք, որ այն բացարձակ անուշադրության է մատնված եղել», գնահատում է ՎԾ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը: Մոտ երկու ամսում կատարած ուսումնասիրությունների արդյունքում ՎԾ-ն կազմել է երկու հատորանոց զեկուցագիր, որտեղ ընդհանուր գծերով ու կոնկրետ փաստերով նշված են հայտնաբերած հիմնական թերությունները: Մասնավորապես, պարզվել են մի քանի «պրոցեդուրային», օրենսդրական «տրյուկներ», որոնց արդյունքում էլ ստեղծվել է վերոհիշյալ վիճակը: Օրինակ, պարզվել է, որ 1998թ.-ից հանքաշահագործողները բնավճար են վճարում ոչ թե օգտակար հանածոների արդյունահանված, այլ իրացված ծավալների դիմաց: Պարզ ասած, մի մարմարի հանքից, ասենք, գերեզմանաքար հանելու համար պայթեցվում է հանքը, փչացվում մի հսկա շերտ ( արդյունահանման բնագավառում Հայաստանը դեռ գտնվում է «քարե դարում»), արդյունքում բնավճար է գանձվում գերեզմանաքարի ծավալի ինչ-որ տոկոսը: Բնավճարների գանձման կարգը, պարզվում է, 1992թ.-ից մինչ օրս արդեն 5 անգամ փոխվել է, յուրաքանչյուր կառավարություն իր սրբագրումն է կատարել դրանում: Փոփոխությունների թվում ամենահատկանշականը թերեւս 98թ.-ին ընդունած թիվ 864 որոշումն է (Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք), որի արդյունքում, փաստորեն, պետությունը հսկայական վնասներ է կրել: Այսպես, միայն մեկ կազմակերպության` «Ադամանդ Կ» -ի օրինակով (որին պատկանում են «Ջերմուկի» հանքահորերը) մոտ երեք տարիների ընթացքում պետբյուջե է գանձվել տարեկան 20-25 անգամ պակաս գումար: Թե ու՞մ «տրյուկն» է եղել այդ փոփոխությունը եւ կամ ո՞վ է շահել դրանից, վերահսկողական ծառայությունում չբացատրեցին:

ՎԾ մատնանշած բացերից մյուսը ընդհանրապես ընդերքի երկրաբանական շարժի մասին ճշգրիտ տեղեկատվության ստացման անհնարինությունն ու բացակայությունն է: Որպես պատճառ մատնանշվում են հաշվակման սխալ մեխանիզմները: Հանքավայրերում արդյունահանված օգտակար հանածոների ծավալների վերահսկողության ֆունկցիան վերապահված է բնապահպանական պետական տեսչությունը: Այն պետք է հետեւի, թե ինչպե՞ս է կատարվում հանքերի շահագործումը, ստուգի ընկերությունների ներկայացրած հաշվետվությունները, դրանք համեմատի իր պարբերական մասնագիտական (մարկշեյդերական) ստուգումների արդյունքների հետ, որոնք ներկայացվում են նաեւ պետեկամուտների նախարարություն: Սակայն ՎԾ ղեկավարի խորհրդական Քաջիկ Նուրինջանյանի խոսքերով, «տեսչությունն հաշվառման այնպիսի մեխանիզմ է ընտրել, որ ոչ մի դեպքում հնարավոր չէ մարկշեյդերական ստուգումների արդյունքները համեմատել շահագործողի ներկայացրած հաշվետվության հետ»: Մի հաշվետվությունն, ասենք, տրվում է հունվարից հունվար, իսկ մյուսը` մարտից հուլիս, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել:

Վերոհիշյալ ընդհանուր խախտումներից զատ ՎԾ երկու հատորներում կան նաեւ բազմաթիվ կոնկրետ փաստեր: Օրինակ, արտոնագրերի օրինականությունը ստուգելիս հայտնաբերվել է, որ դրանցում բացակայում են արտոնագրերի հիմքերը, հաշվառումն ու գործավարությունը կատարվել է փնթի, ջնջումներով, կան պակաս փաստաթղթեր, չկա նույնիսկ դրանց ամբողջական ցանկը: Կան նաեւ զավեշտալի փաստեր. օրինակ, արտոնագրեր են տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության բլանկի վրա, կնքված այդ նախարարության կնիքով` 1997 թ.-ի օգոստոսին, այն դեպքում, երբ 1997-ի հունիսին այդ նախարարությունն արդեն լուծարված է եղել:

ՎԾ-ն պարզել է նաեւ պատկերն ըստ հանքերի` որքանո՞վ է հանքն օրինական դաշտում աշխատում (ունի լիցենզիա, պայմանագիր, հողահատկացման ու լեռնահատկացման մասին փաստաթղթեր): Օրինակ, Շիրակի մարզի 67 հանքերից միայն 9-ն են ունեցել վերը նշված բոլոր փաստաթղթերը:

Այսպիսով, 94թ.-ից ի վեր ոլորտում ստեղծված վիճակը ՎԾ-ում բնորոշում են` «փնթի վիճակ, փնթի գործեր»: Ըստ Ք. Նուրինջանյանի, կա երկու ենթադրություն` ստեղծված շիլաշփոթը կամ մասնագիտական թերացման արդյունք է, «շատերը տեղյակ չեն եղել ոլորտից, հետեւաբար, այն ուշադրությունից դուրս է եղել, իսկ ովքեր որ տիրապետել են ոլորտին, ի չարս են օգտագործել իրենց գիտելիքները», եւ երկրորդ ենթադրությունը` շիլաշփոթը հատուկ է ստեղծվել, որպեսզի ով փորձի իմանալ, թե ի՞նչ է կատարվում ոլորտում, գլուխ չհանի: Թեեւ` «ՎԾ-ն երկու ամսում, մտնելով գործի մեջ, ոչ միայն պատկերացում կազմեց վիճակի մասին, այլեւ հասցրեց որոշ հարցեր կարգավորել: Հետեւաբար, եթե ցանկություն լիներ համապատասխան մարմինների կողմից վիճակը շտկելու, ապա` կշտկվեր»:

Օրենսդրական շիլաշփոթ

Հուլիսի 20-ին ընդունված թիվ 657 որոշմամբ նախատեսված է վերոհիշյալ վիճակի շտկումը: Դրա իրագործումը նախարար Զադոյանի գլխավորությամբ դրվել է ոլորտին առնչվող տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների վրա (ՀՀ բնապահպանության, ֆինանսների եւ էկոնոմիկայի, արդարադատության, արդյունաբերության ու առեւտրի, պետական եկամուտների նախարարություններ, մարզպետարաններ, օգտակար հանածոների պետական հանձնաժողով, արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչություն):

Փաստորեն, կառավարությունը վերոհիշյալ որոշմամբ փորձում է 4 ամսում (հուլիսի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը` վերջին ժամկետը) անել այն, ինչ չի արվել տարիներ շարունակ, 1991թ.-ից այս կողմ: Թիվ 657 որոշմամբ, կարծես թե զրոյից սկսվում է դաշտի կանոնակարգումը. մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է ընդունված լինի «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, կոնցեսիաների, արդյունաբերական անվտանգության, քրեական, վարչական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքները եւ կառավարության մոտ 15 որոշումներ ու ենթաօրենսդրական ակտեր:

Նախատեսված են նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնք հիմնականում վերաբերում են ընդերքի մասին տվյալների հավաքագրմանը, ամփոփմանն ու վերլուծությանը: Մասնավորապես, նախատեսվում է ամբողջությամբ փոխել ընդերքի շահագործման իրավունքի տրման կարգը, որն ընդունվել է 94թ.-ի օգոստոսի 15-ին: Ի դեպ, հենց այդ կարգն էր մատնանշում արդյունաբերության ու առեւտրի նախարարի խորհրդական Ս. Բաբայանը` ներկայացնելով ոչ մետաղական հանքերում տիրող վիճակը: Ըստ այդ կարգի, տնտեսվարող սուբյեկտը ընդերքի շահագործման լիցենզիա ստանալու համար պետք է անցնի բազմաթիվ կանգառներով երկար ճանապարհ` ենթարկվելով տարբեր տրամաչափի չինովնիկների, Ս. Բաբայանի խոսքերով, «ռեկետին»: Ահա այդ շղթայի ամենահամառոտ նկարագրությունը` տնտեսվարող սուբյեկտը նախապես թույլտվություն է ստանում տեղական իշխանություններից, այնուհետեւ` երկրաբանական հիմնադրամից` տեղեկանք հանքավայրի մասին, այդ տեղեկանքի հիման վրա կազմվում է հանքի նախագիծը (ինչն, ի դեպ, բավական թանկ հաճույք է), հետո դիմում է արդյունաբերության ու առեւտրի նախարարությանը` արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար, այնուհետեւ` բնապահպանության նախարարությանը հանքի շահագործման մասին պայմանագիր կնքելու, հետո ճանապարհը տանում է դեպի արդյունաբերության անվտանգ շահագործման ու լեռպետհսկողության վարչություն, որը հանքավայրերում տեխնիկայի օգտագործման իրավունքն է տալիս, եւ վերջապես վերջին «կանգառը»` նորից տեղական իշխանություններում` հողհատկացում ստանալու: Միայն այս երկար ճանապարհն անցնելուց հետո է տնտեսվարողը դառնում օրինական շահագործող, իսկ քանի որ ոչ բոլորը ցանկություն ունեն այդքան «ներդրումներ» (միջին հաշվով մոտ 10 հազ. դոլար) ու ժամանակ ծախսելով դառնալ հանքի մինչեւ 25 տարվա շահագործող (այդքան է սահմանված շահագործման առավելագույն ժամկետը), անխուսափելի պետք է լիներ այն պատկերը, որ կա: Այսպես, միայն 1994-2000 թթ.-ին սկզբում ֆինանսների ու էկոնոմիկայի, ապա արդյունաբերության ու առեւտրի նախարարության կողմից հանքավայրերի շահագործման համար տրվել է 300 արտոնագիր, սակայն դրանցից միայն 161-ն է պայմանագիր կնքել, 91-ը ստացել լեռպետհսկողության թույլտվություն, 70-80-ը` հողհատկացման: 657 որոշմամբ նախատեսված է ընդերքի տրամադրման նոր կարգի ընդունումը, ըստ որի ներդրվելու է «մեկ պատուհանի գաղափարը», այսինքն բոլոր փաստաթղթերը մեկ տեղից, բացառելու համար վերոհիշյալ քաշքշուկն ու կոռուպցիան:

Ըստ բնապահպանության նախարարության ընդերքի պահպանության վարչության, ընթացքի մեջ են նաեւ մոտ մեկ տասնյակ որոշումներ: Առանց դրանց հնարավոր չէ կիրառել օրենքները: Մասնավորապես, ոլորտի «մայր օրենքը»` 1991 թ.-ին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, մասնագետների գնահատմամբ, մի կողմից ունի շատ թերություններ, մյուս կողմից` տարիների ընթացքում իրականում չի կիրառվել, քանի որ դրա համար անհրաժեշտ են եղել մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր ու փաստաթղթեր: Մինչդեռ անցած մոտ 10 տարիների ընթացքում ՀՀ իրար հաջորդող կառավարություններն ընդունել են ընդամենը 5 ենթաօրենսդրական ակտ:

Մաֆիայի մասին խոսակցությունները բլե՞ֆ

Թիվ 657 որոշմամբ հուլիսի 20-ից ի վեր Դ. Զադոյանի գլխավորած խումբը իրականացնում է կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես` ստուգայցեր մարզեր, հանքեր: Այդ աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված կարելի է համարել: Ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է մոտ 150 խորանարդ մետր օգտակար հանածոների թաքցված ծավալ (ինչը մեծ թիվ է, եթե նկատի ունենանք, որ արդյունահանված ու փաստացի ֆիքսված ծավալները կազմում են շուրջ 540 հազ. խմ), դադարեցվել է 72 հանքի գործունեություն, (այսինքն եղածի մոտ 30 տոկոսը, եթե համարենք, որ Հայաստանում կա 559 հաշվառված հանքավայր, որից 238-ն է գործող), հարուցվել է 28 քրեական գործ, որից երկուսը ուղարկվել է դատարան: Դ. Զադոյանի գնահատմամբ, հանքերի հետ կապված աղմուկն ու հրապարակված թվերն ուռճացված են, խոսքն իրականում ոչ թե 40-50 մլն դոլարի, այլ 5-6 մլն-ի մասին է: «Ինձ թվում է, բոլոր դեպքերում թվերն ուռճացած են լինում, սկզբում ոգեւորված ինչ-որ թվեր են ասում, հետո ուսումնասիրում ու պարզում են, որ դա այդպես չէ»: Օրինակ, պարզվել է, որ չկա մի կազմակերպություն, որ հարկայինում գրանցված չլինի, ուղղակի այս կամ այն կազմակերպությունում պակաս է եղել արտոնագիրը, պայմանագիրը եւ այլ փաստաթղթեր: Դրա հետ մեկտեղ, սակայն Զադոյանը չի ժխտում, որ «400-500 կազմակերպությունների մեծ մասը անօրինական է աշխատում»:

Վերջերս էլ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մի քանի լրատվամիջոցներին հարցազրույց տալով հայտարարեց, որ ընդերքի շահագործման ոլորտում եղած մաֆիայի մասին խոսակցությունները չափազանցված են:

Այսպիսով, վերոհիշյալ արդյունքներից ու գնահատականներից հետո մնում է հարցնել` ուրեմն ի՞նչ, բարձրացված աղմուկն ավելո՞րդ էր, էկոլոգիական թալանի կամ, ինչպես ասում են, մաֆիայի մասին խոսակցությունները` բլե՞ֆ: Երբ այդ հարցով դիմեցինք ՎԾ ղեկավարին, վերջինս ասաց. «Մենք թվեր չենք ասել հենց սկզբից, նկատել ենք թերությունները, բացերը, աղաղակող փաստերը, որոնք պարունակում են քրեական պատասխանատվության հատկանիշներ, դրանք ներկայացրել ենք, ուր որ հարկն է: Այդ փաստերն ու օրինակները արդեն խոսում են իրենց մասին: Իսկ ո՞վ է սահմանել, թե ի՞նչն է աղաղակող, ինչը` ո՞չ: Ես գիտեմ, որ օրենքի խախտումն արդեն աղաղակող թերություն է, իսկ թվերի մասին գնահատականներ չեմ կարող տալ: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է աղաղակող չհամարել ՔրՕր-ի 90 4 հոդվածով (առանձնապես խոշոր չափի հափշտակություն, հարուցված` «Էկոսերվիզ» ՓԲԸ-ի նկատմամբ, դեռեւս այս տարեսկզբին) հարուցված քրեական գործը»: Դ. Զադոյանի հանձնաժողովի գնահատականները Ֆ. Ցոլակյանը գնահատում է «կոնյուկտուրային»:

Թվերի անհամապատասխանությունը

Վերոհիշյալ թվերով կարելի էր բավարարվել եւ հարցը փակված համարել, եթե չլինեին մի քանի անհամապատասխանություններ ու հարցականներ:

Առաջին`

Մարզեր կատարած ստուգայցերի արձանագրություններում հանքավայրերում հայտնաբերված թերությունները, անօրինականություններն ու դատախազություն ուղարկված գործերը շատ ավելի շատ են ու աղաղակող, քան վերջնարդյունքները: Այսպես, միայն Լոռու մարզում հունիսի 22-ին կատարած ստուգայցի ու խորհրդակցության արդյունքում (արձանագրություն թիվ 23-149) մարզի 26 հանքերում առանց բացառությամբ հայտնաբերվել են անօրինականություններ ու թերություններ: Գրեթե 25-ի դեպքում արձանագրվել է. «անհապաղ դադարեցնել օգտակար հանածոների ապօրինի արդյունահանումը, պարզել պետությանը հասցված վնասի չափը եւ ապահովել չմուծված գումարների մուտքագրումը պետբյուջե, ձեռնարկել միջոցներ օրինախախտումների համար մեղավոր անձանց օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Ընդ որում, 26 հանքերից 12-ի գործերն ուղարկվել են մարզային դատախազություններ: Եթե այդ մեկ մարզը համարենք տիպային, ապա պետք է ստացվեր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում պետք է հարուցված լիներ ոչ թե 28 քրգործ, այլ մի քանի անգամ ավելի շատ: Այդ մտահոգությանն ի պատասխան Դ. Զադոյանը նշում է. «գործն ուղարկել դատախազություն, չի նշանակում անպայման քրեական գործ հարուցել, դատախազությունը նախ ուսումնասիրում է, ապա նոր գործ է հարուցում կամ չի հարուցում»: Բացի այդ, ըստ Դ. Զադոյանի ներկայացրած արդյունքների, դատարան է ուղարկվել երկու քրգործ, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության դեռեւս հոկտեմբերի 15-ի ներկայացրած տվյալներով, խոսքը 3 հարուցված քրգործի մասին է: Ենթադրվում է, որ դրանց թիվը պետք է մոտ մեկ ամսում ավելացած լիներ, մինչդեռ, կարծես թե հակառակն է ստացվում:

Երկրորդ`

Դ. Զադոյանի խմբի կատարած ստուգումների արդյունքում դադարեցվել է 72 հանքի շահագործում: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկանքում կարդում ենք` նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 20.06.01 մարզերում կատարած վերահսկողական ստուգայցերի արդյունքում դադարեցրել է 82 հանքավայրերի ապօրինի շահագործում: Սա էլ դեռ քիչ է, նախագահի վերահսկողական ծառայությունում տեղեկանում ենք, որ Դ. Զադոյանի ստուգայցերի արդյունքների «վրայով անցնելով», մասնավորապես, Արմավիրի ու Կոտայքի մարզում, պարզվել են մի քանի թվային անհամապատասխանություններ: Մասնավորապես, ըստ ցուցակի այցելելով «72 չշահագործվող հանքեր» պարզվել է, որ նշված ոչ բոլոր հանքերն են դադարեցրել շահագործումը, շարունակում են աշխատել:

Երրորդ`

1995թ.-ից, ՀՀ ընդերքի պետական վարչության ու Շրջակա միջավայրի պահպանության նախարարության միավորումից հետո, երբ ստեղծվեց բնապահպանության նախարարությունը, Կորյուն Հակոբյանը եղել է նախարարության ընդերքի գծով փոխնախարարը, այսինքն, ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: Այժմ նա (այս տարվա սեպտեմբերի 17-ից) Դ. Զադոյանի տեղակալն ու թիվ 657 որոշումն իրականացնողներից մեկն է: Փաստ` առանց մեկնաբանության:

Չորրորդ`

Հուլիսի 20-ից շարունակվում է շահագործման նպատակով հանքավայրերի տրամադրման գործընթացը: Այդ ընթացքում տրվել է ընդերքի շահագործման եւս 31 արտոնագիր, կնքվել է 42 պայմանագիր, նույնքան` լեռնահատկացման ակտ: Հարց է առաջանում, եթե ոլորտն ուսումնասիրողների միանշանակ գնահատականներով առկա իրավական դաշտը խիստ թերի է, ինչու՞ են շարունակվել վերոհիշյալ գործընթացները: Հնարավոր չէ՞ր մի քանի ամսով դա կանգնեցնել, մինչեւ ոլորտի լիակատար կարգավորումը:

Տվյալների անհամապատասխանության ու ստեղծված շիլաշփոթի օրինակները կարելի է շարունակել: Այսպես, ոչ մի տեղ չկա Հայաստանի հանքավայրերի ճշգրիտ թիվը, չկա հանքավայրերի գույքագրման, օգտակար հանածոների ծավալների, բնավճարների վերաբերյալ եւ շատ այլ կարեւոր տեղեկություններ: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է ստուգվեր ու վերստուգվեր իրավիճակը, եթե չկա ոլորտի ճշգրիտ ու ամփոփ պատկերը: Ինչպե՞ս կարելի է ստուգել հայտարարված ստվերային շրջանառության ու բյուջե չմուտքագրվող գումարի չափը, եթե համապատասխան մարմինները չունեն դրանց մասին տեղեկություն (կամ էլ ուղղակի չեն հրապարակում): Այսպես, ոչ մետաղական արտադրանք (մասնավորապես` քար) արտահանող կազմակերպությունների, 1997թ.-ից արտահանված ծավալների ու դրանց դիմաց վճարված տուրքի մասին տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան ՀՀ մաքսային պետական կոմիտեն` մատնանշելով ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 16-ի դրույթները, գրում է. «Սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նմանապես, պետեկամուտների նախարարությունը բյուջե մուտքագրված բնավճարների մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ ՊԵՆ-ը առանձին հանքերի գծով` մետաղական եւ ոչ մետաղական, բնավճարների հաշվառում չի իրականացնում, ինչպես նաեւ` չի կարող հրապարակել այդ ոլորտի հարկատուների ցուցակը: Եւ միայն երկար «հետապնդումներից» հետո փոխնախարար Ա. Ալավերդյանից հնարավոր եղավ տեղեկանալ, որ 2001թ.-ին նոյեմբերի 1-ին բնական պաշարների օգտագործման դիմաց վճարը կազմել է մոտ 1 մլրդ 59 մլն դրամ, անցյալ տարվա 900 մլն-ի դիմաց, այսինքն` մոտ 159 մլն-ով ավել, ինչը շատ քիչ բանի մասին է խոսում, եթե չկա 94 թ.-ից ի վեր մուտքագրված գումարների «դինամիկան» ըստ տարիների: Դա ներկայացնելը, ըստ Ա. Ալավերդյանի, շատ դժվար գործ է, ստիպված պետք է քրքրել անցյալ տարիների «դավթարները», որովհետեւ չկա համակարգված, անփոփ տեղեկատվություն:

Ընդհանրապես, առնչվելով այլեւայլ գերատեսչությունների հետ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Հայաստանի ընդերքում» կատարյալ քաոս է տիրում: Ոլորտին առնչվող մարմինների միջեւ չկա ինֆորմացիայի փոխանակում ու աշխատանքի համակարգում: Ոլորտին կատարելապես տիրապետողներին էլ մատների վրա է կարելի հաշվել: Դա նրանց մենաշնորհն է: Ընդ որում, այդ կարծիքը կրկնվում է մի քանի հարցազրույցներում: Ս. Բաբայանն օրինակ, համարում է, որ արտոնագրերի տրամադրման կարգը հատուկ է խուճուճ ընտրված, որպեսզի ավելի հեշտ լինի «չինովնիկների ռեկետը»:

Որտե՞ղ է թաղված, ի վերջո, շան գլուխը

Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ. Զադոյանը մատնանշում է նորմալ հսկողության բացակայությունը: «Շան գլուխը թաղված էր հետեւյալում. նույն ստուգողընախապես, իբրեւ հանքի աշխատող գնում չափում էր օգտագործված ծավալները, հետո պետությունն այդ նույն մարդուն ուղարկում էր ստուգելու իր իսկ չափածը»: Մոտավորապես նույնն է նաեւ Դ. Զադոյանի տեղակալի` Կորյուն Հակոբյանի պարագայում, որն էլ անցյալ տարիներին իր ղեկավարած ոլորտում կատարվածը գնահատում է այսպես. «...ասել, թե այդ ոլորտում գոյություն է ունեցել թալան, խախտումներ, միանշանակ ասեմ, որ այդ ծավալի խախտումներ չտեսա , ուղղակի կան ստվերային որոշ բաներ ...Այն բլոկը, որ ես եմ ղեկավարել, աղաղակող բաներ չկան: Կար վերահսկողության բացակայության հարց»: Նա մատնանշում է նույնիսկ հասցեատիրոջը` բնապահպանական պետական տեսչությանը. Դեռեւս 1994թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկրի օգտակար հանածոների շարժի ու երկրաբանահետախուզական աշխատանքների վերահսկողության համար ստեղծվում է իրավաբանական կարգավիճակով մի մարմին` երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ծառայությունը: 1998թ.-ին անհայտ պատճառներով (նախարար Գեւորգ Վարդանյանի օրոք, երբ տեսչության պետ էր նշանակվել ներկայիս պետ Նազիկ Ամիրյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի կինը-Գ. Մ.) այդ ծառայությունը լուծարվում է ու 53 հոգանոց կազմակերպությունն իր չորս տեսչություններով տարալուծվում է բնապահպանական պետական տեսչության մեջ: Քանի որ երկրաբանամարկշեյդերական ստուգումը պահանջում է խիստ մասնագիտական մոտեցում, տեսչությունը չէր կարող ստուգել ու վերահսկել շահագործողների պայմանագրային պարտավորությունների կատարումը: «Պատկերացրեք, վերահսկողությունն ապահովվում էր ընդամենը մեկ երկրաբանի եւ չորս մարկշեյդերի կողմից»,- ասում է Կ. Հակոբյանը: ՀՀ կառավարությունը վերոհիշյալ միջոցառումների շրջանակներում վերջերս ընդունել է թիվ 1037 որոշումը, ըստ որի վերականգնվելու է մոտ երեք տարի առաջ լուծարված երկրաբանամարկշեյդերական ծառայությունը: «Իսկ ինչու՞ չեն արվել այդ քայլերը մինչ այդ: Դուք որպես փոխնախարար տեղյակ չե՞ք եղել վիճակին» հարցին ի պատասխան նշվեց. «Տեղյակ եմ եղել ու չեմ լռել, պարզապես ընթացք չի տրվել... Շուրջ երեք տարի ու ավել անընդհատ այդ խնդիրների` անկառավարելիության ու հսկողության բացակայության մասին, 4 վարչապետի եւ 3 նախարարի գրել եմ»: Կ. Հակոբյանի վկայությամբ, գրածներին ընթացք չի տրվել, եւ նա ստիպված է եղել մոտ 30 էջանոց զեկուցագիր գրել նախագահի վերահսկողական ծառայությանը, «բավական լուրջ փաստաթղթային փաթեթ», որը երբ խնդրեցինք ցույց տալ, Կ. Հակոբյանը չկարողացավ` պատճառաբանելով, թե դա թողել է նախկին աշխատավայրում: Իսկ երբ դիմեցինք ՎԾ` «փաթեթին» ծանոթանալու համար, պատասխանեցին, որ Կ. Հակոբյանն իրենց դիմել է այն ժամանակ, երբ ուսումնասիրություններն արդեն ավարտվում էին, ներկայացրել է ոչ թե «լուրջ փաստաթղթային փաթեթ», այլ` «ինչ-որ թղթեր»:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը ստեղծված վիճակը բացատրում է դաշտը կանոնակարգող օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությամբ. «Պետք է վերանայվեն ենթաօրենսդրական ակտերը, որպեսզի պետությունը որպես բացառիկ սեփականատեր կարողանա գործել ոչ միայն օրենքների, այլ ենթաօրենսդրական ակտերի մակարդակով»:

Պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ընդերքի շահագործման պայմանագրերին ու հաշվառմանը. «Անհրաժեշտ է ամենից առաջ հաշվառել ռեսուրսը, ու նոր դրա հիման վրա` ակնկալվող ու ստացվող հարկերը:

Որտե՞ղ է թաղված, ի վերջո, շան գլուխը: Ամենակարճն ու համարձակը, թերեւս, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի (որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով) պատասխանն էր` «Իսկ դուք իմացա՞ք, թե ում են պատկանում հանքերը»:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter