HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ փոխպետքարտուղար Յուրի Քիմը ու USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը ժամանում են Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը երկուշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, ժամանում են Հայաստան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կառավարական իր աղբյուրին։ Գործակալության փոխանցմամբ՝ այցը կայանում է Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային դուրս գալու ֆոնին։

Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ փոխպետքարտուղարի ու USAID-ի ղեկավարի այցը Հայաստան կլինի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը մեր երկիր՝ Արցախում նախորդ շաբաթ ադրբեջանական հարձակումից հետո։

Սամանթա Փաուերը կհանդիպի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։ Բացի այդ, ամերիկյան կողմը հանձնառու կլինի մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Reuters-ը գրում է, որ Սամանթա Փաուերը կդառնա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաջին ղեկավարը, որը կայցելի Հայաստան։ Բացի այդ, նա կհաստատի ԱՄՆ գործընկերությունը Հայաստանի հետ ու «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության առնչությամբ ու կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումները»:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների մասին հաղորդագրություններով և կոչ է անում ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և առևտրային փոխադրումների անարգել մուտքը»,- Reuters-ին հայտնել է իր աղբյուրը։

Ժամը 14։30-ին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ արդեն Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter