HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված կշտամբանքներին. Պեսկով

Ռուսաստանը հասկանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հուզական լարվածությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակի պատասխանատվությունը ՌԴ-ի և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հասկանում ենք այս պահի հուզական լարվածությունը, բայց մենք կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի կամ առավել ևս ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ, որոնք իրական հերոսություն են դրսևորում՝ իրենց գործառույթները կատարելով այն մանդատին համապատասխան, որն ունեն։ Խաղաղապահներին հանդիմանել, որ նրանք ինչ-որ բան սխալ են անում, ոչ ոք չի կարող։ Մենք երբեք չենք համաձայնի նման նախատինքների հետ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը կշարունակի շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև իր գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բոլոր իրավունքների պահպանման համար։ «Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մտերիմ պետությունը։ Հայաստանը մեզ մոտ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունեմ ղարաբաղահայության»,- հայտարարել է Պեսկովը։

Նա հավելել է՝ Մոսկվան հույս ունի, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, «կօգնեն ապահովելու Ղարաբաղում անվտանգությունն ու նորմալ կյանքը»։

«Մենք ամեն անգամ հույս ունենք, որ բոլոր հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը, տեղի ունեցածից հետո կնպաստեն Ղարաբաղում կյանքի նորմալացմանը։ Նրանք ինքնիշխան երկրներ են, նրանք իրականացնում են համագործակցության զարգացման իրենց ինքնիշխան իրավունքը. մենք գիտենք, թե որքան սերտ են Բաքվի և Անկարայի հարաբերությունները»,- նշել է Պեսկովը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն դեմ է այն երկրների փորձերին, որոնք «միջնորդական ներուժ չունեն Ղարաբաղի հարցով, այլ փորձում են տարածաշրջանում ամրագրել իրենց ներկայությունը»։ «Գլխավորը իրավիճակի կարգավորմանն օգնելն է։ Եվ շատ կարևոր է խուսափել ինչ-որ երրորդ կողմերի փորձերից՝ իզուր, առանց միջնորդական ներուժի, արձանագրել իրենց ներկայությունը Կովկասում։ Դա դժվար թե օգնի իրավիճակին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ռուս խաղաղապահներին մեղադրել էր Արցախում իրենց պարտավորությունների թերացման մեջ՝ նշելով, որ նրանք չեն կարողացել կանխել Ադրբեջանի հարձակողական գործողությունները ու իրենց պատասխանատվությունն ունեն տեղի ունեցածի մեջ, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա առնվազն 200 զոհ։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter