HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն հաստատել է Բրյուսելում Գրիգորյանի ու Հաջիևի հանդիպումները Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵՄ-ի դիվանագետների հետ

Եվրամիությունը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու պատրաստվի հաջորդ շաբաթ Իսպանիայի Գրանադա քաղաքում, Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպմանը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

«Ես կարող եմ հաստատել, որ մեր գլխավոր դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուն հանդիպումներ կունենա Հայաստանից, Ադրբեջանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից բարձրաստիճան դիվանագետների ու տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ։ Դա արվում է այն բանի համար, որ ամփոփվի ընթացիկ իրավիճակն ու պատրաստվենք Գրանադայում առաջնորդների հնարավոր հանդիպմանը»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը:

Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովը սպասվում է, որ կկայանա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Նախորդ երկու գագաթնաժողովների ժամանակ, որոնք կայացել էին Պրահայում ու Քիշնևում, կայացել էր Փաշինյան-Ալիև հանդիպում։ Ընդորում, եթե Պրահայում կայացել էր Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել ձևաչափով, ապա Մոլդովայի մայրաքաղաքում քառյակին միացել էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նախատեսվում է, որ Իսպանիայում պլանավորվող հանդիպումը ևս կլինի հնգակողմ ձևաչափով։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter