HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սիրանուշ Սահակյան. «ՄԻԵԴ-ի վճիռներն անուղղակի ազդեցություն կարող էին ունենալ Արցախյան հիմնախնդրի իրավական լուծման վրա»

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներն առարկայազուրկ չեն դառնում նոր իրողությունների պայմաններում: Ըստ նրա, թեև Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, սակայն գանգատների հիմնական առարկան մարդու իրավունքների խախտումներն են, որոնք կապված են Եվրոպական կոնվենցիայի հետ: Քաղաքական դիրքորոշումները և իրավունքի պաշտպանությունն ուղիղ կապ չունեն և այդ գանգատներն առարկայազուրկ չեն դառնա:

«Այլ հարց է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն անուղղակի ազդեցություն կարող էին ունենալ արցախյան հիմնախնդրի իրավական լուծման վրա: Եթե ՄԻԵԴ-ը, տասնյակ, հարյուրավոր գործերով արձանագրում է, որ հայերը խոշտանգվել, սպանվել, առևանգվել են և այդ գործողությունները կատարվել են էթնիկ հողի վրա, ատելության, հայատյացության պայմաններում, սրանք կդառնային ծանրակշիռ խաղաքարտեր, որոնք քաղաքական գործիչները բնակցություններում կարող էին օգտագործել՝ հասունացնելու այն լուծումը, որ Արցախը չէր կարող ճանաչվել Ադրբեջանի մաս: Այսինքն՝ կլիներ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտնելը բացառող լուրջ ապացույցներ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Նոր իրավիճակում՝ «Անջատում հանուն փրկության» միջազգային պրակտիկայում հայտնի թեզը ևս կորցնում է իր ազդեցությունը: Սահակյանի դիտարկմամբ՝ այժմ ՄԻԵԴ-ի վճիռները կարող են ազդեցություն ունենալ միայն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից:

«Հայաստանի ճանաչումը, տեսնում ենք, որ ելակետային է ընդունվում և բացառում է վեճի գոյությունը: Եվ այս պայմաններում միջազգային հանրությունն անվերապահորեն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իմ գնահատմամբ՝ սրանք անդառնալի գործընթացներն են, եթե հաշվի առնենք նաև, որ դիվանագիտական և ռազմական ոլորտում արդեն իսկ էական տարբերություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև: Չեմ կարծում, որ երբևիցե մենք կարողանանք միայն իրավական մեխանիզմների գործադրմամբ այս խնդիրը լուծել»,- հավելում է Սիրանուշ Սահակյանը:

Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հերթական հարձակման և տեղի իշխանությունների՝ զենքերը վայր դնելու, պաշտպանական բանակի կազմալուծման և Ադրբեջանի հետ ինտեգրվելու որոշմամբ պայմանավորված, երեկվանից արցախցիների մեծ հոսք է սկսել Հայաստան: Բացվել է Լաչինի միջանցը և արցախցիները մեծ խմբերով հարկադրաբար լքում են իրենց տները:

«Ինչ վերաբերում է բռնի տեղահանվածների հարցին, ապա պետք է լինեն զսպող մեխանիզմներ: Եթե այդ հանցագործությունները չեն զսպվում, կարևոր հարց է դառնում պատժելիությունը՝ քաղաքականություն վարողների և կատարողների նկատմամբ: ՄԻԵԴ-ն ունի հետևյալ մոտեցումը. որպես խախտված իրավունքի վերականգնման ձև ընդունելի է համարում վերադարձը: Միայն վերադարձի անհնարինության դեպքում է քննարկում փոխհատուցումը: Մարդու իրավունքի տեսանկյունից՝ իրավունքի պատշաճ  վերականգնումը անձին իր բնակավայր վերադարձնելն է՝ անվտանգային միջոցառումներով»,- նշում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը: 

Սիրանուշ Սահակյանն ասում է, եթե դիտարկենք «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի գործերը, որտեղ վերադարձի հարցն ուղիղ ձևով էր դրվել, պարզ է դառնում, որ մոտ 2 տասնամյակ անց որևէ տեղաշարժ չենք ունեցել նույնիսկ ոչ այնքան լարված իրավիճակներում:

«Դրա համար գործնականում ես չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա՝ առանց քաղաքական պատշաճ նախադրյալների, հնարավոր կլինի գործուն մեխանիզմներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի արցախցիների վերադարձն իրենց հայրենիք»,- ասում է Ս. Սահակյանը:

Նշենք, որ այս երկու գործերը վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փախստականների իրավունքների խախտումների փոխհատուցման կամ վերականգնման հարցերին: Մասնավորապես՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալուն և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: 

Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ-ի հունիսին, դրանք արդեն օրինական ուժի մեջ են մտել: ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն: 

Ս. Սահակյանի դիտարկմամբ՝ «Անջատում հանուն փրկության» տարբերակը հնարավոր կլիներ կյանքի կոչել, եթե արցախցիներն այնտեղ գտնվեին և մինչև տեղահանումը՝ լուրջ վտանգի տակ դրվեր նրանց ինքնության պաշտպանությունն ու գոյատևումը: Բայց եթե անձիք տեղահանվում են, չկա մեխանիմզ, որ նրանք վերադարձվեն և նոր տեղի ունենա անջատումը:

«Հիմա, իրապես անվտանգային մեխանիզմներ չկան, վերջին 2-3 տարիների դիտարկումն էլ ցույց է տալիս, որ կամայականությունները չեն զսպվում: Ավելին, միջազգային պատժամիջոցները կամ քրեական պատասխանատվության միջոցներն արցախյան կոնտեքստում չեն կիրառվում: Նշանակում է բացակայում է գլոբալ քաղաքական կամքը: Այդ պայմաններում, այլ բան, քան տեղահանումների միջոցով մարդկանց կյանքը փրկելը, ուղղակի գոյություն չունի»,- ավելացրեց Սիրանուշ Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter