
Զախարովան խոստանում է առաջիկայում արձագանքել Նիկոլ Փաշինյանի պնդումներին
Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այդ մասին ռուսական Россия-24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք, առաջին հերթին, և հակասում են, և ես կասեի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հակաքայլ են, որոնք արվել են և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի, բառացիորեն <...> հաշված րոպեների ընթացքում կհրապարակվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման համար։
Բացի այդ, Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Վերջինիս խոսքով՝ ռուս խաղաղապահները չեն վերահսկում Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանը կամ չի ցանկանում, կամ էլ չի կարողանում անել դա։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել