
ԼՂ-ում հայկական զինուժի ներկայության ժխտումը դարձավ սեպտեմբերյան մարտերի պատճառներից մեկը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է 2023 թականի սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձի ժամանակ հնչած պնդումներին։ Մասնավորապես, ռուսական կողմը նշում է, որ Փաշինյանի ուղերձը «պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի հասցեին և չի կարող բացի մերժումից, այլ բան առաջացնել»։
«Ակնհայտ է ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը իր վրայից հանելու փորձը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Վովայի Փաշինյանի վերջին սենտենցիաները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից ներշնչվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող ապակառուցողական գործընթացները սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կրում են ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմն այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետը «խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանին գիտակցաբար պատրաստում էին Ռուսաստանից շրջադարձի»։ «Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտորին միտված իրենց քայլերը անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կողմից, իբր, տեղ գտած սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացվում է, որ մեր պետությունները շատ առումներով նման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն իրենց նպատակն են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը»,- նշում են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոսկվայում հավատացած են, որ Ռուսաստանը «մշտապես հավատարիմ է եղել դաշնակցային իր պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք Հայաստանին չի դրել ընտրության առաջ. մեզ հետ կամ մեր դեմ»։ «Մոսկվան լայնածավալ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին՝ անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը թույլ չտվեցին Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր հրադադարին, ապա պարտությունն ավելի քիչ ծանր կլիներ։ Վերջապես Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակի հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց բարդ առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը նախընտրեց լռել»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Մեր երկիրը, չնայած Հանրապետությունում (ի նկատի ունեն Հայաստանը-խմբ.) ռուսական ընկերությունների համար արհեստական բարդություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախ ստացվող ազդակներին, մշտապես վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի սերտացման կուրս, ինչպես երկկողմ գծով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այսօր դրանք ցույց են տալիս ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության և քաղաքացիների բարեկեցության տպավորիչ աճին»,- շարունակում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսական կողմը, ըստ տարածված հաղորդագրության, հաստատակամորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ «ի հեճուկս հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջխաղացումը արգելակելու հայազգի առանձին ներկայացուցիչների փորձերի»։
ՌԴ ԱԳՆ-ն Փաշինյանին դարձյալ մեղադրում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից «խուսափելու» և հակամարտության կարգավորումն Արևմուտքում փնտրելու մեջ։ «Տարածաշրջանային հարցերում Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի ջենտելմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն, տեղի տվեց Արևմուտքի հորդորներին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։ Պրահայում և Բրյուսելում որոշեց գործել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա սկզբունքորեն փոխել է այն պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով չհաջողվեց կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կողմից չստորագրվեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ»,- պնդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսական կողմը փաստացի արդարացնում է նախորդ շաբաթ Արցախում ադրբեջանական զինուժի հարձակումը՝ պնդելով, թե, իբր, պատճառն Արցախում մնացած հայկական զինված կազմավորումներն էին։ «Իրավիճակը թեժացնում էր նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական զինված կազմավորումների ներկայության համառ ժխտումը, ինչն էլ դարձավ սեպտեմբերյան վերջին սրման առանցքային պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի մնացած ստորաբաժանումների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» (չակերտները ՌԴ ԱԳՆ-ինն են-խմբ.) ամբողջական զինաթափման մասին՝ ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ, բացահայտեց իրական պատկերը և նախադրյալներ ստեղծեց կայուն դեէսկալացիայի համար»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հիմնականում հայկական ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքին գերադասեց խուսափելն ու դեպի Արևմուտք վազելը, 2020-2022 թվականներին կանգ առավ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացումը։ Բաց է թողնվել թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո Պրահայի և Բրյուսելի հիշյալ հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության մասին: Այսօր էլ պաշտոնական Երևանը հաստատուն շահագրգռվածություն չունի օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները. խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծման, հումանիտար իրավիճակի բարելավման, Բաքվի ու Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման մասին է»,- իր մեղադրանքները շարունակում է ռուսական կողմը։
ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մեղադրում է անպատասխանատտու մոտեցման մեջ և նշում, որ դա «միանգամայն հասկանալի դժգոհություն է առաջացրել հայկական հասարակության մի մասի մոտ, որոնք արտահայտվում են ժողովրդական բողոքի ցույցերի ժամանակ»։
«Իհարկե, պնդումները, թե դրանք ներշնչված են Ռուսաստանի կողմից, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարին պետք է քաջ հայտնի լինի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավական մեծ ուշադրություն է դարձրել «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, բայց տարօրինակ զուգադիպությամբ նախընտրել է չնկատել Երևանում իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ հետապնդումների բազմաթիվ փաստերին։ Ընդ որում, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում կառավարության հետ։ Այս ֆոնին ակնհայտորեն իշխանությունների մատուցմամբ հայաստանյան ԶԼՄ-ներում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա»,- եզրահանգում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը հսկայական սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով տապալել Հայաստանի բազմադարյա կապերը Ռուսաստանի հետ և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»,- իր հայտարարությունը եզրափակում է ռուսական ԱԳՆ-ն։
Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев
Մեկնաբանել