
Գերմանիան մտահոգություն է հայտնել Արցախում հայ բնակչության վիճակի վերաբերյալ
Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Հանգստյան օրերին մենք շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով։ Ռազմական ուժի կիրառումը, որը մենք տեսել ենք անցած շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է։ Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի տեղահանումը ևս անընդունելի է»,- հայտարարել է գերմանացի դիվանագետը։
Ինչպես կարծում են Գերմանիայի ԱԳՆ-ում, Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը և զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը: «Այս քայլերով մենք դատողություններ կանենք Ադրբեջանի վերաբերյալ»,- հավելել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ գերմանական կողմի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ևս պարտավոր են իրենց ներդրումն ունենալ քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման գործում։ «Դա նաև նրանց խնդիրն է»,- կարծում է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Գերմանացի պաշտոնյան հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են Եվրամիության դիտորդները։ «Սակայն ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից»,- ընդգծել է գերմանացի պաշտոնյան՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի մեջ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել