
Արցախից տեղահանվածներին ընդունելու նպատակով Արմավիրի մարզում հաշվառում են չբնակեցված տները
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջաբերական է ուղարկել բոլոր համայնքապետերին. հաշվառում են բոլոր չբնակեցված տները: Այս մասին «Հետքին» ասաց Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը:
«Մարզում Արցախցիներ դեռ չունենք, բայց ամբողջությամբ պատրաստ ենք ընդունելու»,-ասում է Ս. Թովմասյանը:
Հետաքրքրվեցինք, թե մարզը քանի՞ արցախցի կարող է ընդունել, ինչին ի պատասխան` մարզպետի խորհրդականն ասաց, որ թիվ չի կարող նշել:
«Թիվ չեմ կարող ասել, բայց 2020 թվականին 6500 արցախցի ընդունել ենք»,-հավելեց Ս. Թովմասյանը:
Նշենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին Արցախից Հայաստան տեղափոխված անձանց մի մասը տեղավորվել էր նաև մարզի մանկապարտեզներում:
Սաթենիկ Թովմասյանը նշեց, որ կախված իրավիճակից, այս անգամ ևս մանկապարտեզների շենքերը կարող են օգտագործվել տեղահանվածների ժամանակավոր բնակության նպատակով:
Մեկնաբանել