
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն, ըստ առցանց հարթակում հրապարակված տեսանյութի, Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, խոչընդոտելով ճանապարհի այդ հատվածով բնականոն երթևեկությունը, ձեռքերով հարվածել է փակված ճանապարհը անցնելու փորձ կատարող ավտոմեքենային, նստել մեքենայի վրա, ապա ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման առթիվ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:
Մեկնաբանել