HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում հստակություն չեն տեսնում ԼՂ հարցով նոր առաքելության ստեղծման ամերիկյան առաջարկում

Կրեմլը դեռևս որևէ կոնկրետություն չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ գաղափարի մեջ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այստեղ ինչ-որ կոնկրետություն մենք դեռ չենք տեսնում։ Եվ հետո, ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն այս հարցով շփումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան իր հերթին շարունակում է շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ:

Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, փաստացի ներգրավված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Դժվար թե կարելի է ամերիկացիների ներգրավվածության հետ համեմատել մեր փոխգործակցության մակարդակը և ներգրավվածությունն այդ փոխգործակցությանը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդհանուր առմամբ խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին:

«Դուք գիտեք, թե, ըստ ունեցած մանդատի, ինչ դեր են խաղում մեր խաղաղապահները։ Մենք մտադիր ենք դա շարունակել»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային առաքելություն ստեղծել, որը կհետևի այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։

«Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կերաշխավորի <...> Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, <...> որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան»,- նշել էր Միլերը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այս ուղղությամբ աշխատում է իր դաշնակիցների ու գործընկերների հետ։

Լուսանկարը՝ РИА Новости/Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter