
Բորելը կոչ է արել անսահմանափակ հումանիտար հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղի համար
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների հարազատներին ու կոչ արել Լեռնային Ղարաբաղին շտապ տրամադրել անսահմանափակ միջազգային մարդասիրական հասանելիություն։
«Մենք մտքերով Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած գազի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ ենք։ Լեռնային Ղարաբաղ անսահմանափակ միջազգային մարդասիրական հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։
Our thoughts are with the victims of yesterday’s tragic gas explosion in Stepanakert/Khankendi and their loved ones.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 26, 2023
There is an urgent need for unimpeded international humanitarian access to #NagornoKarabakh. EU announced additional assistance and ready to do more.
Նրա խոսքով՝ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օժանդակության մասին և պատրաստ է անել ավելին։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է տարածաշրջանի համար 5 միլիոն եվրո մարդասիրական օգնության հատկացման մասին։ «Մենք պետք է պատրաստ լինենք աջակցել նրանց, ովքեր որոշել են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Մենք զգալիորեն ընդլայնում ենք մեր մարդասիրական օգնությունը: Մենք 5 միլիոն եվրո ենք հատկացնում, որպեսզի օգնություն տրամադրենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- հայտարարել էր եվրոպական այս կառույցը։ Ընդ որում, այդ գումարը ներառում է 500 000 եվրո հրատապ աջակցությունը, որի մասին հայտարարվել էր նախորդ շաբաթ և 4,5 միլիոն եվրո նոր հատկացումը, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց ու մարդկանց, որոնք շարունակում են բնակվել այնտեղ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստում գրանցված պայթյունի մասին։ Նախնական տվյալներով՝ կա 20 զոհ և 290 տուժած։ Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են։ Ծայրահեղ ծանր հիվանդները ուղղաթիռներով տեղափոխվում են Հայաստան։
Լուսանկարը՝ Anadolu Agency/Getty Images
Մեկնաբանել