HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփեց Էրեբունի ամրոցի 2012թ. պեղումները 

Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ  իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը:

Զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով  Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձը և այս պեղումների նպատակը:

Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքում` Գ. Գյուրջյանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն  արվել են որոշակի շտապողականությամբ, և ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:

2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը  մանրամասնորեն ներկայացրեց ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը:

Մասնագետները հատկապես շեշտեցին, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել Ուրարտուի կործանումից հետո  մինչև Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը  թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաև շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի  գիտական համեմատությունը  թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո  կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:

Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարևորել է պեղածո նյութերի մշակման և սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:

«Հ1» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին` թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «... Դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից և որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»:            

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter