
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավիճակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների՝ դեպի Հայաստան բռնի տեղահանման շուրջ ստեղծված իրավիճակով, ու ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Այդ մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը։
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան մարդկանց բռնի տեղաշարժով: Անհրաժեշտ է, որ բռնի տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք ստանան անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև պաշտպանություն` բռնի տեղահանվածների հարցերով միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է նա։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակը չի մասնակցում հումանիտար աշխատանքներին։ «ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչության և փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, գտնվում են Հայաստանի հարավում, դեպի ուր ուղևորվում է տեղահանված բնակչության մեծ մասը։ Ինչ վերաբերվում է նրան, թե որտեղից են նրանք գալիս, այնտեղ, որքան ես գիտեմ, գտնվում են ԿԽՄԿ ներկայացուցիչները»,- հայտարարել է Հաքը։
ՄԱԿ-ի պաշտոնյան հավելել է, որ Կազմակերպությունը հումանիտար օգնություն է տրամադրում նաև Հայաստանում։
Լուսանկարը՝ Lev Radin/Pacific Press/REX/Shutterstock
Մեկնաբանել