HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բռնի տեղահանվածներին կտրամադրվեն սննդի քարտեր, չի բացառվում` կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցում. Նարեկ Մկրտչյան

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 47 115 անձ է հատել Հայաստանի սահմանը։ Նրանցից 22 800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Այս տվյալները ներկայացրեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո՝ տեղաբաշխվում։

«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից, սա առաջնային օգնություն է։ Գերնպատակ է ապահովել առաջնային կացարաններով, այնուհետև կտրամադրվեն այլ բնակության վայրեր»,- նշեց նա։

4002 բռնի տեղահանվածներից 1465-ը գտնվում է Սյունիքում, 810-ը՝ Վայոց Ձորում, 976-ը՝ Գեղարքունիքում, 298-ը՝ Տավուշում, 200-ը՝ Արմավիրում, 30-ը՝ Արագածոտնում, 203-ը՝ Շիրակում, 20-ը՝ Կոտայքում։

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 237 բուժառու, որից 142-ը՝ ուղղաթիռով, 95-ը՝ շտապօգնության մեքենայով։ Նրանցից ոմանք շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել։

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ այսօր պլանավորվում է ևս 80 բուժառուի տեղափոխում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ այս օրերի ընթացքում գործարկվել է առաջնային կարիքի հարթակ, որտեղ ԼՂ հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ հարթակում կա ավելի քան 3000 դեպք, կարիքների գնահատում կիրականացվի և աջակցություն կտրամադրվի, այդ թվում՝ սնունդ և հագուստ։

Բացի այդ, նախարարի խոսքով, գործարկվել է սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ։

«Տարբեր ՀԿ-ներ, նախաձեռնություններ ցանկություն են հայտնել այս կամ այն կերպ աջակցություն ցուցաբերել, և որպեսզի նրանց հնարավորություն տրվի մասնակցել գործընթացին և ճիշտ տեղաբաշխում անել, գործարկվել է այս հարթակը, որտեղ ավելի քան 170 առաջարկ ենք ստացել, կգնահատենք կարիքները և կուղղորդենք»,- հայտնեց նա։

Նախարարը նաև նշեց, որ աշխատանքները պլանավորվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

Խոսելով կամավորների ներգրավվածության մասին՝ Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ թե՛ Գորիսում, թե՛ Կոռնիձորում ներգրավված բազմաթիվ կամավորներ կան։ Գործարկվել է նաև կամավորների հերթագրման հարթակ։ Այս պահին հարթակում գրանցված է ավելի քան 650 կամավոր, կարիքները գնահատելուց հետո կամավորները կուղղորդվեն համապատասխան վայրեր։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ առաջիկայում ծրագիր կներկայացվի, ըստ որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կկարողանան օգտվել բնակարանների վարձակալության և հյուրընկալության ծրագրերից։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում։

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունենալու է ևս մեկ բաղադրիչ, կտրամադրվեն սննդի քարտեր, որպեսզի պարենային զամբյուղին համապատասխան գումարով կարողանան պարենի խնդիր լուծել։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ դիմացը ձմեռ է՝ չենք բացառում, որ կդիտարկվի կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցման հնարավորություն»,- ասաց նա։

Այս առումով նախարարը կարևորեց, որ ՀՀ սահմանը հատած և չհաշվառված անձինք, որոնք չեն գնում Գորիսի կամ Վայքի կենտրոն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կապ հաստատեն և հաշվառվեն, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա հասկանալու ամբողջական պատկերը և կարիքների գնահատում իրականացնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter