Հակարիի անցակետում ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքից դեպի ՀՀ Սյունիքի մարզ անցնելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС պետական գործակալությունը՝ հղում անելով Վարդանյանի շրջապատին։
«Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Հակարիի կամուրջն անցնելիս»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։ Հայկական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։
Ավելի ուշ, Վարդանյանի ձերբակալման մասին լուրը հաստատել է նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ РБК գործակալության հետ զրույցում։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ փետրվարը։
Լրացում․ 14։25
Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Մեկնաբանել