
Զախարովայի պնդմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին դրդում են դուրս գալ ՀԱՊԿ-ից
Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ազդել Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ստացվող տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ու խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, «թե ինչ ապակառուցողական մոլեռանդությամբ ամերիկացիներն ազդում են Երևանի վրա»։ «Հանրապետություն են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար, իր ռուսատյացությամբ հայտնի Փաուերը, փոխպետքարտուղար Քիմը, որը վերջին լսումների ժամանակ խոստովանել է, որ նրանք զբաղվում են Ռուսաստանի հետ դանշակից կամ համագործակցող երկրների վերակողմնորոշմամբ»,- պնդում է Զախարովան։
Վերջինս կարծում է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել և չի լինի դրանց սրման նախաձեռնողը կամ պատճառը: «Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր առաքելությունը։ Մեր խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում։ Դա մեր մտադրությունների և մեր իրական վերաբերմունքի լավագույն հաստատումն է: Եվ մենք միշտ <...> խնամքով ենք վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չենք եղել և չենք էլ լինի դրանց սրման նախաձեռնողը կամ պատճառը»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն ելնում է նրանից, որ «երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները հետագայում կկատարվեն՝ ի շահ երկու ժողովուրդների»։
Զախարովան դարձյալ նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ռուսական կողմի ազդակները լսելի կլինեն Հայաստանի իշխանության համար ու Երևանի ու Մոսկվայի բոլոր պայմանավորվածությունները կիրագործվեն։ «Ինչ վերաբերում է շփումներին, ապա դրանք տարբեր մակարդակներում շարունակվում են։ Եվ մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները պատշաճ կերպով կլսվեն և կընդունվեն»,- եզրափակել է Զախարովան։
Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP
Մեկնաբանել